ՈՉ ԿՈՌԵԿՏ ՈՒ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ անդրադարձել էր ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրին: ՄԻՊ-ը նշել էր, որ իրենց զորակցությունն են հայտնում այս ուղղությամբ սկսած նախաձեռնություններին. «Պատրաստակամ ենք մեր լիազորությունների եւ կարողությունների սահմաններում ամեն կերպ աջակցել Ձեզ, որպեսզի դատաիրավական բարեփոխումները մոտ ապագայում դառնան իրականություն»: Այս ամենի հետ կապված՝ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ՝ չնայած, որ վերջինս արձակուրդում է:
-Պարո՛ն Անդրեասյան, համակարգը բարեփոխելու հարցում Ձեր օգնությունն եք առաջարկել արդարադատության նախարարին:  Ձեր կարծիքով՝ նախարարը միայնակ ի վիճակի չէ՞ այդ ոլորտը «կարգի բերել»:
-Եթե օգնություն ենք առաջարկում, դա նշանակում է, որ մենք թերահավատորեն ենք վերաբերվում: Ես առաջարկել եմ զորակցություն, ինչը նշանակում է` դրական եմ գնահատել այդ ծրագիրը, որը ներկայացվել է նախարարության կողմից եւ հաստատվել: Զորակցությունից բացի, ես առաջարկում եմ, որ մենք բոլորս փորձենք օգնել, որպեսզի այդ ծրագիրը դառնա իրականություն: Իսկ այդ ծրագրի իրական դառնալու դեպքում այն բոլոր արատները, որոնց մասին ես խոսել եմ ամիսներ շարունակ՝ վատ դատարաններ, պրոբլեմատիկ արդարադատություն, դատախազության համակարգի խնդիրներ, այդ ամենը կարող են շտկվել: Ծրագիրը շատ լավ գրված է, շատ լավ մշակված է, բայց դա կարող է մնալ միայն թուղթ եւ որեւէ արժեք չունենալ, եթե չիրագործվի: Իրագործվելու համար, կարծում եմ, միայն արդարադատության նախարարի ներուժը կարող է բավարար չլինել, եւ այստեղ ոչ թե օմբուդսմենը կարող է գալ եւ դա անել, այլ բոլոր նրանք, ովքեր  պետք է զորակցեն մեր պետությանը:
-Բայց արդարադատության նախարարն ինքը եւս անվստահություն է հայտնել դատարանների եւ դատավորների նկատմամբ՝ նշելով, որ չի կարող ասել, որ մեր դատարաններն ամենաարդարն են: Եթե նախարարը նման հայտարարություն է անում, այդ դեպքում ինչպե՞ս կարող եք Ձեր զորակցությունը հայտնել:
-Միակ ճանապարհը համակարգային փոփոխություններն են, եւ այդ ծրագիրը նախատեսում է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց մասին ես երկար ժամանակ երազել ու մտածել եմ, որպեսզի համակարգ ստեղծվի դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Միայն այդ դեպքում դատավորները կկարողանան արդար աշխատել, եւ ամեն մեկը դատարանում կկարողանա գտնել արդարություն:
-Արդեն քանի տարի է՝ ՀՀ քաղաքացին լսում է այդ համակարգային փոփոխությունների մասին, բայց իր «մաշկի» վրա չի զգում: Բոլորն էլ հոգնել են այդ ամենից, եւ այսօր ոչ ոք չի վստահում ո՛չ դատարաններին, ո՛չ դատավորներին:
-Ես էլ եմ հոգնել, կարող եմ ասել, որ նման բան չէի ասի, եթե չտեսնեի, որ այդ ծրագիրը շանս ունի, որ կարող է իսկապես փոփոխություն կատարել համակարգում: Մենք, Դուք եւ այն մարդիկ, որոնք արդեն հոգնել են չփոխվող դատարաններից… կան ծրագրեր, որոնցում գրված մեխանիզմները լավն են, մնում է, որ կյանքի կոչվեն, իմ պատկերացմամբ այդ ծրագիրը հենց այդպիսինն է, կա հնարավորություն, որ համակարգը կփոխվի:
-Չե՞ք կարծում, որ այստեղ ոչ թե «մեղավորը» համակարգն է, այլ նախարարը, որն ի վիճակի չէ ղեկավարել այս բարդ ոլորտը:
-Ուղղակի պետք է այնպիսի օրենսդրական բազա մշակվի, որով կկարողանանք հասարակության կողմից վերահսկողություն սահմանել դատական համակարգի վրա: Դրա համար ինչ-որ հատուկ ֆիգուրի խնդիր չկա, պետք է դրա համար լինել գրագետ իրավաբան, պետք է ռեալ ցանկություն ունենալ, խելացի մեխանիզմներ առաջարկել, ու կարծում եմ՝ այստեղ առաջարկվել է: Պետք է լինել նաեւ հետեւողական ու կամք ունենալ, այսինքն՝ դու ասացիր` դա չպետք է ուղղակի մնա թղթի վրա, ու դու զբաղվես առօրյա գործերով: Նախկիններում տարբեր նախարարների կողմից հնչել են խոստումներ, բայց մեր զորակցությունը հայտնել ենք այն բանի համար, որ մենք էլ ենք պատրաստ այդ համակարգային փոփոխությունների իրագործմանը:
-Վերջերս դատախազությունն անվստահություն հայտնեց՝ Ձեր տարածած հաղորդագրության հետ կապված…
-Շատ պետական մարմիններ ամեն մի փոքր կամ մեծ քննադատություն ընդունում են ոչ պատշաճ ձեւով եւ փորձում են վարկաբեկել մեզ՝ քննադատողին, որպեսզի թաքցնեն այն խնդիրը, որի մասին մենք բարձրաձայնում ենք: Սա, ցավոք սրտի, դառնում է գործելաոճ: Բայց այս արձագանքը, որը մենք ստացանք, աննախադեպ էր կոռեկտության բացակայությամբ եւ իր որոշակի արժեքային համակարգով, որովհետեւ մենք զարմացած ենք եւ խորապես հիասթափված այդ արձագանքի որակից եւ ոչ պատշաճ ու ոչ կոռեկտ ձեւից: Մենք կոչ ենք անում պետական մարմիններին ընդհանրապես զերծ մնալ, չփորձել մոլորեցնել հասարակությանը` քննադատությունից խուսափելու համար: Պետք է փորձել ուղղակի լսել մեր բարձրացրած հարցերը եւ շտկել դրանք: Հակառակ դեպքում պնդել, որ որեւէ համակարգ անթերի է, եւ իրենց մոտ սխալներ չեն լինում, ուղղակի զավեշտական է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս