ՈՉ ՄԻ «ՌԱԶԲՈՐԿԱ», ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելուց օրեր առաջ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Արթուր Նալբանդյանի հետ՝ շեշտը դնելով մասնավորապես նրա քրեական անցյալի վրա: Ա. Նալբանդյանը կատակի էր վերածել ու «ցրել» լրագրողի հարցը: Անցած շաբաթ, պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ»-ը  զրուցել է  մարզպետի հետ` անդրադառնալով նաեւ վերոնշյալին:
-Պարո՛ն Նալբանդյան, մեկ տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթին տված Ձեր հարցազրույցում Դուք, ըստ էության, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել եք Ձեր քրեական անցյալի մասին  հարցը: Խնդրում եմ ասել, ի վերջո, ճի՞շտ են տարածված տեղեկություններն այն մասին, որ մինչ մարզպետ առաջադրվելը Դուք խառնված եք եղել ինչ-որ «ռազբորկայի»…
-Ես թերի չեմ պատասխանել: Հիմա հստակ ասում եմ, որ նման բան չի եղել: Էն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում: Դա ընդամենն ինչ-որ մարդկանց երեւակայությունն է:
-Ձեր նշանակմանը նպաստող անձանց թվում շոշափվում են Կարեն Կարապետյանի ու Էդուարդ Շարմազանովի անունները: Նրանց հետ Ձեր հարաբերությունները ներկայում ինչպիսի՞ն են: Արդյոք արդարացված են նրանց ակնկալիքները Ձեզնից:
-Ես չգիտեմ՝ ինձանից ով ինչ սպասելիք ուներ: Համենայնդեպս, պետք է ասեմ, որ մեր կուսակից ընկերների հետ, բոլորի հետ ջերմ, մարդկային հարաբերությունների մեջ եմ, այդ թվում նաեւ՝ աշխատանքային հարաբերությունների մեջ եմ:
-Տեղեկություններ կան, որ Դուք շատ եք հետաքրքրված Ախթալայի հանքով, շատ եք շփվում աշխատակիցների հետ: Արդյոք հանքը գնելու մտադրություն ունեք:
-(Ծիծաղում է-Մ.Պ.) Իհարկե ո՛չ, իհարկե ո՛չ: Ուղղակի որոշ ներքին՝ քաղաքապետարան եւ գործարան խնդիրներ են առաջացել, փորձում ենք հարթել: Բնականաբար, մենք Ախթալայի հանքը գնելու մտադրություն չունենք, առավել եւս՝ ես:
Հ.Գ. Վերջին հարցը տալիս նկատի ունեինք միայն մարզպետին: Գուցե իրո՞ք հանքը գնելու մտադրություն ունեցողնե՞ր կան…

ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս