Պոեզիայի իրավասությունը ակնհայտ է. այն ձևակերպում է դեռ անհայտ զգացողություններ, զգացմունքներ, մտքեր, իհարկե, լավագույն դեպքում, և այն իրավասու է արտահայտել այդ զգացմունքները: Առաջանում են հարցեր.
1. Մոդեռնիզմից հետո պոեզիան զգալի կերպով հրաժարվեց հոգեբանություն, զգացմունքներ, մարդկային զգացողություններն արտահայտելու առաքելությունից:
2. Որքանով է հավաստի, որ պոեզիան իսկապես արտահայտում է այդ զգացմունքները: Օր.՝ հիշենք դեռահասներին կամ սիրողական գրողներին, որոնք արտահայտում են զգացմունքներ: Թվում է, թե մարդը անկրնելի է, ուրեմն իր արտահայտածը ևս պիտի ինքնատիպ ու անկրկնելի լինի, բայց որպես կանոն դրանք լինում են նույնանման շաբլոններ: Եվ դա բնավ նրանից չի, որ իրենք անկեղծ չեն: Շահեն Թաթիկյանի «Բալենի» վեպում, որի ֆիլմն էլ կա՝ «Ապրեցեք երկար», հայրը գտնում է տղայի սիրային նամակներն ու բարկացած ցույց տալով կնոջը՝ ասում՝ նայիր, մեր տղան սիրո բառեր չունի, նա մեր նամակներից է գողացել ու իր սիրած աղջկան դիմում է բալի շուրթերով իմ հեքիաթ, ինքը չունի սիրո բառեր: Ըստ երևույթին, պոեզիա անելու համար պետք է որոշակի դիստանցիա ունենալ, հեռանալ և խնդիր չդնել ուղղակի և ճշգրտորեն միայն զգացմունքներ արտահայտել:
Նկատվել է, որ սիրո դեպքում մարդու կամքը ստորադասվում է ուրիշի կամքին կամ ենթարկվում, և գուցե սրա պատճառով է, որ սերը գաղափարախոսայնացվում է կրոնի ու քաղաքականության կողմից, քանի որ սիրո միջոցով շատ ավելի արդյունավետ ձևով կարելի է մարդուն զրկել սեփական կամքից, քան բռնությամբ: Հիսուսն ինքը սեր էր քարոզում: ժիժեկն իր դասախոսություններից մեկում ասում էր, որ Չե Գևարան ասում էր՝ հեղափոխություն նշանակում է սեր: Եթե կա անարխիկ վիճակ, ապա՝ օրենքով ամրապնում և պետություն, որը կարող է բռնություն իրականացնի հարաբերությունները պահպանելու համար, հաջորդ փուլը՝ ըստ այդ տրամաբանության, կրոնական համայնքն է, ուր սիրով են վարում, և ներքին լարում չկա, որովհետև եթե դու տալիս ես քո կամքը ուրիշին, ապա տալիս ես սիրո պատճառով:
Զիջելու պայմաններում հնարավորություն ես ստանում այլության, ինչպես Նամ Ջուն Պայկն է ասում՝ արվեստը ոչ թե ինքնաարտահայտություն է, այլ ինքդ քեզ փոխելու հնարավորություն: Իսկ ինչից է առաջանում այդ հնարավորությունը: Երբ դու ու դիմացինը, ում դու սիրում ես, քեզ հնարավորություն է տալիս քո մեջ ռեպրեսված ձգտումները բացելու, այսինքն այն, ինչ քո մեջ դու չէիր, ինքնության մաս չէր, դիմացինը բացում է, դրա համար էլ ձգում է, որովհետև քեզ հնարավորություն է տալիս ինքդ քեզնից անցնելու, քո ոչ գիտակցված մասը քեզ նվիրելու, և երբ դա փոխադարձ է լինում, ստացվում է սիրո պատմություն:
Վ. Գ. : …Սիրո ամեն խոստովանություն ակտուալ է միայն այդ պահին՝ ներկա շարունակականի մեջ:
Մ. Խ.: Սիրուց խուսափելու համար է հաճախ տեղի ունենում խոստովանությունը: Սիրո ընթացքը երբ դառնում է անտանելի, երբ լարումը մեծանում է, քանի որ սերը իր պահանջներն է դնում սիրողների առաջ, և երբ չես կարողանում դիմանալ այդ լարմանը, երբեմն փլվում ես սիրո բացատրություն մեջ: Դա չի նշանակում, որ սեր պետք չի բացատրել, կամ սիրո վկայությունները պետք չեն, բայց դա նման է այն բանին, երբ ասում են. «Կանգ առ, ակնթարթ, դու այնքան հրաշալի ես»: Դա հենց այդ «կանգ առ»-ն է, որովհետև էլ չեմ դիմանում…