ՀԵՏԵՎԸ՝ ՍՈՒՐ, ԱՌԱՋԸ՝ ՋՈՒՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վաղը Սերժ Սարգսյանն ընդհատելու է իր արձակուրդն ու Վլադիմիր Պուտինի կանչով շտապ մեկնելու Մոսկվա՝ աշխատանքային այցի անվան տակ: Ընդ որում աշխատանքային այցը որոշել է Մոսկվան, որը նաեւ թելադրել է օրակարգը, ենթադրվում է՝ անգամ հարկ չհամարելով նախապես քննարկել Հայաստանի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվելու են Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության հիմնախնդիրը, մասնավորապես այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն եւ ՀԱՊԿ-ը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային առավել ակտուալ հարցերը, այդ թվում՝ նաեւ Հարավային Կովկասում առկա իրավիճակը»,-ասված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Այն, որ քոչարյանասերժական ռեժիմի համառ ջանքերով Հայաստանը վաղուց ի վեր դարձել է Ռուսաստանի ֆորպոստը, հայտնի է ամենքին. նույնիսկ ռուս պաշտոնյաները չեն խորշում ամեն առիթով բարձրաձայնել այդ մասին:
Սակայն հանգստի այս շրջանում «հարամել» Սերժ Սարգսյանի արձակուրդն ու նրան շտապ կանչել Մոսկվա, որոշակի հետեւությունների տեղիք է տալիս. նշանակում է՝ կան լուրջ պատճառներ: Եւ դա Եվրասիական միության ստեղծումն է, այլ կերպ ասած՝ ԽՍՀՄ-ը նորացված ձեւով վերականգնելը, որը Վլադիմիր Պուտինի համար կարծես թե դարձել է գերնպատակ:
Պատահական չէ, որ Մոսկվայից Ս. Սարգսյանին թելադրված աշխատանքային այցին նախորդեցին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան այցերը, նաեւ Լոնդոնում առանձնազրույցը ՌԴ վարչապետի հետ: Ինչպես հիշում եք, հուլիսին նախ Երեւան ժամանեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այնուհետեւ՝ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որոնց օրակարգի հիմնական կետը վերաբերում էր հենց Եվրասիական միության նախագծին, միասնական մաքսային միությանն ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը: Ավելին, Երեւանում Նարիշկինը ՀՀ իշխանությունների անունից այս առնչությամբ կոնկրետ հայտարարություն արեց. «Մենք այսօր  ե՛ւ խորհրդարանականների, ե՛ւ Սերժ Սարգսյանի, եւ կառավարության ղեկավարի  հետ հանդիպմանը շատ  խոսեցինք Եվրասիական նախագծի շրջանակում համագործակցության մասին… Հայաստանի ղեկավարությունն ուշադիր հետեւում է եվրասիական նախագծի զարգացմանը եւ ձգտում է իր տեղը հաստատել դրանում՝ հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը առեւտրատնտեսական հարաբերությունների հիմք է: Այդպիսով՝ Հայաստանը կդառնա երրորդ երկիրը Ռուսաստանից եւ Բելառուսից հետո, որը դա կանի»: Մի կողմ թողնենք, որ սա լուրջ ապտակ էր ՀՀ իշխանություններին, երբ ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի անունից դիրքորոշում հայտնում է ոչ թե ՀՀ, այլ՝ ՌԴ խորհրդարանի  ղեկավարը, այն էլ Հայաստանի հնարավոր անդամակցության մասին խոսելով որպես կայացած փաստ: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. մինչ այդ ՀՀ վարչապետը «անիմաստ» էր որակել այդ ծրագրերին Հայաստանի անդամակցությունը՝ ասելով, որ համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ, եւ այս խոսքերը «եվրոպոիդ» վարչապետը տարբեր ձեւակերպումներով հնչեցրել է բազմիցս:
Ու հիմա Ս. Սարգսյանը Մոսկվա է մեկնելու Եվրասիական ծրագրին Հայաստանի միանալու վերաբերյալ հստակ «այո» կամ «ոչ» ասելու համար: Իսկ վերջերս արեւմտամետ դարձած Սերժ Սարգսյանի համար չափազանց դժվար է լինելու հստակ «այո» կամ «ոչ» ասելը. ցանկացած պատասխան ունենալու է բացասական հետեւանքներ: Ս. Սարգսյանի համար չափազանց դժվար է լինելու նաեւ հարցից խուսանավելը. ի վերջո, նրան ստիպում են արագ ներկայանալ Կրեմլ ոչ թե խոսքը կտուրը գցելու, այլ հստակ պատասխան տալու համար:
Առավել եւս, որ Հարավային Կովկասում ՌԴ վերջին հույսը կարծես թե Հայաստանն է. Վրաստանի դեպքում ակնհայտ է՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հստակ ծրագիր սկսած այս երկիրը ոչ մի դեպքում չի փորձի անգամ Եվրասիական միության անունը տալ, ուր մնաց՝ քննարկի դրան անդամագրվելու նպատակահարմարությունը: Ադրբեջանը եւս կարծես թե չի ցանկանում մաս կազմել այդ ծրագրին. նույն Նարիշկինի, նաեւ նրան նախորդած այլ ռուս պաշտոնյաների՝ Բաքու կատարած այցերի ժամանակ Ադրբեջանի կողմից բացասական պատասխան է հնչել Եվրասիական միությանն անդամակցելու առաջարկին՝ ասելով, որ դեմ են այդ միության անվան տակ ԽՍՀՄ վերականգնմանը:
… Ժամանակին Վազգեն Սարգսյանն ասել էր. «Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով երբ ուզի, այն խուզի»: Այսօր առաջին պատահածը, ցավոք, խուզում է այդ «որբի գլուխը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս