«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները վեցն են, որից չորսը ՀՀԿ-ական են: Ուշագրավ է, որ առաջադրված թեկնածուների թվում է նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, ով քրեական անցյալ ունի: Տեղեկացնենք, որ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նույնպես առաջադրվել է: Սակայն այս անգամ նրա բախտը կարծես թե չի բերելու, քանի որ ըստ տարածված լուրերի՝ նրա խնամին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որոշել է այս անգամ չխառնվել ընտրություններին: Այս պատճառով իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Արմավիրի գործող քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, ով Խլղաթյանի քրոջ որդին է: Գործող քաղաքապետից փորձում է ազատվել նաեւ Արմավիրի մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը: Եւ արմավիրցիների խոսքով՝ առաջադրված թեկնածուների ցանկում տեղ են գտել նաեւ մարզպետի «մտերիմները»՝ մարզպետի ՀՀԿ-ական օգնական Նվեր Պետրոսյանը եւ «Պարիտետ ինվեստ»-ի գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը:
Այս իրավիճակում ուշագրավը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու՝ Արտակ Գեւորգյանի առաջադրումն է: Հիշեցնենք, որ պատգամավորի որդին դեռեւս 2012 թվականի հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից առեւանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող «ԳԱԶ 24»-ը եւ փախել: Նույն օրը նա, իհարկե, ձերբակալվեց, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվեց եւ առգրավվեց ատրճանակ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: