Լոռու Լեջան գյուղում ծնված, Տավուշի Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1985թ. ծնված Արեն Սարուխանյանը 2011թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք է գործել Կողբի բնակչուհի, 1928թ. ծնված Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկ եւ միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներով, նրա դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով հարվածներ հասցնելով` բռնաբարել: Նշենք, որ մինչ այդ Ա. Սարուխանյանը Նոյեմբերյան քաղաքում ամուսնացած հարեւանուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար 2009թ. նոյեմբերի 26-ին դատապարտվել է 3 տարի եւ 15 օրվա ազատազրկման: Նա համաներումով 2011թ. մայիսի 31-ին ազատվել է պատժի հետագա կրումից:
Ա. Անանյանի բռնաբարության համար Ա. Սարուխանյանը 2012թ. հունվարի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նստավայրը՝ Իջեւան, դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման: Այդ ժամանակ հանրային պաշտպանի փաստաբանի ծառայություններից օգտված Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Հետագայում նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել, թե իբր պաշտպանն իրեն չի բացատրել արագացված դատավարության կարգը, եւ ինքը բռնաբարության գործով մեղավոր չէ: Նրա վերաքննիչ բողոքը բավարարվել էր, նշանակվել էր նոր դատաքննություն:
Նոր դատաքննությունը կայացավ 2012թ. օգոստոսի 1-ին Նոյեմբերյանում (դատավոր` Զոյա Զաքինյան): Այս անգամ էլ Արեն Սարուխանյանը հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան ուներ: Տուժող 84-ամյա Արփենիկին հարազատները դատարան բերեցին թեւերն ընկած. ծեր կինը դժվարությամբ էր տեղաշարժվում: Բռնաբարության դեպքից հետո Ռուսաստանից Կողբ է եկել նրա հարսը, որն այժմ բնակվում է Արփենիկի հետ` խնամելով նրան: Մինչեւ բռնաբարության դեպքը տարեց կինը տեսողական խնդիրներ է ունեցել, նրա մի աչքը թույլ էր տեսնում: Արենը բռնաբարելիս հարվածներ է հասցրել դիմադրություն ցույց տվող կնոջ աչքին, որի հետեւանքով նա լրիվ կուրացել է: Հարազատներն ասացին, որ որոշել են Արփենիկի աչքերը վիրահատել, սակայն բժիշկները, նկատի ունենալով նրա տարիքը եւ սրտի հետ կապված խնդիրները, հրաժարվել են վիրահատել:
Դատարանի դահլիճում 84-ամյա կինն իրեն վատ զգաց, դատական կարգադրիչը նրան բաժակով ջուր բերեց: Ծեր կնոջ հարցաքննությունը դատավոր Զոյա Զաքինյանը կատարեց դռնփակ ռեժիմով: Ա. Անանյանը թեեւ այնքան էլ լավ չէր լսում, սակայն դատարանում խոսում էր տրամաբանված եւ հստակ: Ա. Սարուխանյանը դատավարության ընթացքում իրեն բռնաբարության մեջ մեղավոր չճանաչեց: Սկզբից հայտարարեց, որ ինքն այդ օրն ընդհանրապես Կողբում չի եղել, հարեւանի աղջկա եւ թոռան հետեւից տաքսիով մեկնել է հարեւան Բերդավան գյուղ, հետո ասաց, որ երեկոյան տանն է եղել, գիշերը բջջային հեռախոսով ինտերնետ կապի մեջ եղել իր ընկերուհու հետ: Գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանն ամբաստանյալին հիշեցրեց, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրած իր բողոք-նամակներում Սարուխանյանը հայտնել է, որ ինքը գողության նպատակով է մտել Անանյանի տուն: Այս հիշեցումից հետո Սարուխանյանն ընդունեց, որ գիշերով մտել է Անանյանի տուն, սակայն ոչ բռնաբարության համար, «իրեն վիզ փող էր պետք»: Նա փորձում էր համոզել, որ ծեր կնոջ տանը փող չի գտել, ինքը պառավ կնոջը չի նկատել, սակայն Ա. Անանյանն իրեն տեսել է: «Որ գողության էիր եկել, փողը պահարանում էր, ինչո՞ւ չվերցրիր»,-ամբաստանյալին հարցրեց տիկին Արփենիկը:
Նշենք, որ Սարուխանյանի մեղքն ապացուցվել է գործով նշանակված դատաբժշկական եւ այլ փորձաքննություններով, վկաների ցուցմունքներով, ուրիշ ապացույցներով: Մշտական աշխատանք չունեցող, վարձու աշխատանքներ կատարող Արենը բռնաբարության դեպքից մի քանի օր առաջ 3000 դրամ վարձավճարով մանրացրել էր Ա. Անանյանի վառելափայտը: Ծեր կինն Արենի հագած սվիտերը շոշափելուց, գիշերվա լռության մեջ հնչած նրա ձայնից ճանաչել էր իրեն բռնաբարողին: Սարուխանյանը երդվում էր իր «հոր արեւով», որ ինքը չի բռնաբարել ծեր կնոջը, դատավորին ակնարկում, որ պատրաստ է կրել իր պատիժը գողության մեղադրանքով: Նա ասաց, որ ինքը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում երկու անգամ ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել ծեծի հետեւանքով, նաեւ ասաց, որ ազատազրկման վայրում ինքն իրեն վզի եւ որովայնի շրջանում վնասվածքներ է հասցրել:
Դատարանում Սարուխանյանը չէր զղջում, հաճախ անհարկի ժպտում էր, տուժողի տղային եւ թոռներին փորձում հավատացնել, որ ինքը շատ ընկերուհիներ ուներ եւ կարիք չուներ ծեր կնոջը բռնաբարելու: Ամբաստանյալն Ա. Անանյանի թոռանը` Սամվել Անանյանին, սպառնաց նրա վիզը կտրել: Դատական կարգադրիչները զսպեցին Սամվելին, որը հարձակվեց Արենի վրա: Տուժողի տղան` 64-ամյա Սերյոժա Անանյանը, ամբաստանյալին սպառնաց, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում նրան մորթելու է: Դատավորի որոշումով դատական կարգադրիչները հուզված Սերյոժային դատարանի դահլիճից դուրս հրավիրեցին:
Երբ ամբաստանյալը համառորեն հրաժարվեց իմ մեղքն ընդունելուց, ծեր կինը նրա երեսին նետեց. «Դու չասացի՞ր, որ որոշել եմ երկու անգամ եւս մոտդ գամ, դու չասացի՞ր` դուրդ եկա՞վ»:
Գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանն իր մեղադրական ճառում պահանջեց Սարուխանյանին դատապարտել 6 տարի 8 ամիս ազատազրկման: Դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի:
Հավելենք, որ մի քանի տարի առաջ Արեն Սարուխանյանը Կողբ գյուղում փաստացի ամուսնական կապի մեջ է եղել մի կնոջ հետ, որից 3 տարեկան տղա ունի: