Նախօրեին պաշտոնապես հաղորդվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Մաթեւոսյանի գործն ուղարկվել է դատաքննության: Հիշեցնենք, որ Արմեն Մաթեւոսյանը մայիսի 5-ին անձամբ կաշառք է տվել Երեւանի չորս բնակիչների ու հարկադրել, որպեսզի վերջիններս եւ նրանց ընտանիքի անդամները 2012-ի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկեն ԲՀԿ-ի օգտին: Նրան սպառնում է տուգանք կամ ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ը ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից մեկնաբանություններ խնդրեց ընտրախախտումներ իրականացրած կուսակցի գործողությունների վերաբերյալ եւ ուշագրավ պատասխան ստացավ. «ԲՀԿ-ի մարզային ներկայացուցիչներով եւ պատգամավորներով քննարկել ենք ու պարզել, որ ԲՀԿ-ի շարքերում նման մարդ չկա»:
ԽԵՂԴՎԵԼ Է
Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղի տարածքում գտնվող Ծիլ լճում խեղդվել է տեղի բնակիչ 44-ամյա Էդգար Աթաբեկյանը: Նա իր ընտանիքի եւ հարազատների հետ վարդավառն է նշել: Բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ Էդգարը մի փոքր գինովցած է եղել այդ օրը: «Հաց է կերել, քեֆը լավ, հետո գնացել է, որ լողա լճում: Դրանից առաջ նույնիսկ մի անգամ հասցրել է հասնել մյուս ափ ու հետ գալ: Իսկ երկրորդ անգամ, որ գնացել է, տղան հետն է եղել: Բայց լողալուց վատ է զգացել: Տղեն փորձել է իր հետ բերել, չի հաջողվել: Հետ է վերադարձել, որպեսզի մարդ բերի հորը փրկելու համար, նկատել են, որ չկա դին»,-նկարագրեցին ականատեսները: Օգոստոսի 5-ից փրկարարները որոնողական աշխատանքեր են տարել գտնելու տղամարդու դին, բայց միայն երեկ է հաջողվել այն գտնել: «Աթաբեկյանը իր ընտանիքին նվիրված էր: Հանգիստ մարդ էր, շատ աշխատասեր: Գյուղմթերքի վաճառքով էր զբաղվում»,-մեզ հետ զրույցում ներկայացրեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը:
ԲՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ