Փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ գործադիր, ապա խորհրդի նիստերից հետո Սերժ Սարգսյանն ու իր թիմը լծվել են հայրենի քաղաքական դաշտը տգետներից ազատելու լրջագույն գործին: Մինչդեռ քաղաքական տգետները մինչ այս աճել ու բարգավաճել են հենց այդ թիմի աջակցությամբ ու հովանավորությամբ:
Այս օրերին մեր երկրում բոլորը՝ քաղաքական ու ապաքաղաքական մասսաները, քննարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային կսմիթների թեման: Մեծ ու փոքր վերլուծաբաններ են դարձել, տեսություններ են առաջ քաշում, հիշեցումներ անում, համացանցում դրսեւորվում, պնդումեր են անում, թե տեղի ունեցողը խաղ է, պայմանավորված սցենար կամ իրական առճակատում՝ միմյանց ոչնչացնելու վերջնական որոշմամբ:
Ինչ խոսք, բոլոր վարկածներն էլ կյանքի իրավունք ունեն, քանի որ տեղի ունեցող զարգացումներն ավելի խորը կուլիսային արմատներ ունեն, քան կարելի է պատկերացնել: Ու հենց այդ պատճառներն են, որ ներսից քայքայում, կրծում են մեր երկիրը: Բայց փորձենք երեւույթին նայել ավելի հեռվից՝ խորքային պատճառներն իմանալու համար:
Թերեւս որեւէ մեկը չի կարող հերքել, որ տգիտությունը մեր երկրում քաղաքական կյանք մտավ անկախության հետ: Յուրային սրիկաներին «առաջ մղելու» առաջին ձգտումները առարկայական դրսեւորումներ ունեցան հենց այդ տարիներին: Ապա նաեւ պատերազմի ժամանակահատվածում խորացավ տգետներին իշխանության մեջ տեղավորելու դատապարտելի երեւույթը: Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե երիտասարդ էին բոլոր գործիչները, անփորձ ու հետեւաբար նման իրավիճակներն անխուսափելի էին: Բայց անցած 20 տարվա ընթացքում փոխանակ կանխվեր այդ երեւույթը, ընդհակառակը, շարունակեց խորանալ: Եւ խորացավ հենց այն մարդկանց միջոցով, որոնք այսօր ավելի բարձր են գոռում տգետներին քաղաքական դաշտից մաքրելու մասին:
Հայաստանի երեք նախագահներն էլ՝ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, հենց այն որակի իշխանություն են կառուցել, որտեղ առաջնագծում եղել են տգետները: Ի վերջո, հենց այդ տարիներից է արմատավորվել կառավարման՝ «մերը լինի՝ թեկուզ պոլի փետ» սկզբունքը: Գուցե այդպես ավելի հե՞շտ է կառավարել…
Ու հիմա, եթե Սերժ Սարգսյանը որոշել է պայքարել տգետների դեմ եւ դա անում է միայն Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական կերպար ոչնչացնելու ձեւով, մեղմ ասած, չի ստացվի, քանի որ տգետներին ՀՀԿ-ի ներսում եւս կարելի է գտնել ամենաթեթեւ փնտրտուքի արդյունքում անգամ: Իհարկե, կարող են իշխող կուսակցությունում պատճառաբանել, թե ՀՀԿ-ական տգետներն այդքան վտանգավոր չեն, քանի որ ինչպես Արմեն Աշոտյանը պատճառաբանեց՝ նրանք քաղաքական, իշխանական հավակնություններ չունեն, որոշումներ կայացնողի դերում չեն: Բայց չէ՞ որ նրանք էլ խորհրդարանում մեծամասնության մեջ մեծամասնություն են կազմում եւ կայացված որոշումների վրա էական մասնակցություն ունենում: Եւ ինչքան Գագիկ Ծառուկյանին է անհրաժեշտ հեռու պահել քաղաքականությունից, այնքան էլ՝ մյուսներին:
Հետաքրքիր է՝ ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին, որպես երկրի ղեկավարի, իրական պայքար տանել տգետների դեմ եւ թոթովախոս ՀՀԿ-ականներին ուղարկել՝ տարրական դասարանից քաղաքական կյանքը սկսելու: Ի վերջո, գեղեցիկ չէ, որ տգիտության դեմ մարտնչող կուսակցությունում գեներալը կարող է խոսել այսպիսի բառապաշաով. «…այ տղա, դու քո գործով զբաղվի, էլի, սպորտսմեն էիր էն վախտ, թե քաղաքական գործիչ էիր, ես բիթի էլ չեմ, դուք կիմանաք, վերջ տեղը չբերեց։ Մի երկու օր առաջ էլ ժողովի վախտ քնավ, բայուշկի…»: Այսպե՞ս են պայքարում տգետների դեմ: Ի վերջո, գեներալներն էլ իրենց տեղը ունեն, ու դա հաստատ երկրի թիվ մեկ ամբիոնի տիրույթը չէ:
Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը՝ տգիտության դեմն առնելու պատճառաբանությամբ, ամենեւին էլ ազնիվ չէ, եւ պետք է նրան հակադարձել իր իսկ ձեւակերպմամբ, որ մենք փորձարկումների հայրենիք չենք. սթափվե՛ք: Մասսայական ձերբակալություններով տգիտության դեմն առնելը հնարավոր չէ:
Թագուհի Թովմասյան