ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության երեւանյան կենտրոնի աշխատակիցները հուլիսի 24-ից ստուգումներ են անցկացնում մսամթերքի շուկայում` առկա բացթողումները բացահայտելու եւ դրանք կանխարգելելու նպատակով: Ստուգայցեր տեղի են ունենում ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզային բնակավայրերի առեւտրի կենտրոններում:
Ծառայության տեղի մասնագետները մսամթերքի որակի վերահսկողության նպատակով նախօրեին երկու խմբով շրջեցին Գյումրու վաճառակետերով: Լուրջ խնդիրներ չհայտնաբերվեցին, սակայն ամեն ինչ իդեալական էլ չէր: Ծառայության աշխատակիցները փաստեցին, որ սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված թերություններ կան, որոնք հանձնարարվել է վերացնել: Մասնագետների առաջին կանգառը Գյումրու շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածն էր, որտեղ մսի վաճառքի մի քանի կետեր կան: Ստուգողների խորհուրդը մսավաճառներին հետեւյալն էր՝ ամառվա այս շոգ օրերին միսը հարկավոր է պահել սառնարաններում, իսկ գնորդներին հիշեցրին՝ դրսում դրված մսամթերքը վտանգավոր է առողջության համար: Մսի վաճառակետերը եւս պետք է հատուկ սանիտարահիգիենիկ պայմաններով ապահովված լինեն, ինչը Գյումրիում լրջագույն խնդիր է: Մասնագետները մսավաճառներից պահանջում էին անասնաբույժի կողմից տրամադրված արտոնագիր, որը փաստում է, որ վաճառվող մսամթերքը հատուկ ստուգում է անցել:
Շուկայի անասնաբույժ Լեւոն Գեւորգյանը նշեց, որ շուկա մտնող միսը օրվա մեջ մի քանի անգամ ստուգվում է, ուստի բացառեց որակի հետ կապված խնդիրները: Մինչդեռ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները պնդեցին, թե ոմանք անգամ վկայականներ չունեն: Մսավաճառը պարտավոր է ունենալ անասնաբուժական 5-րդ ձեւ կոչվող տեղեկանք, որը բոլորի մոտ բացակայում էր: «Մսավաճառներից շատերը չգիտեին նաեւ, որ պետք է ունենան սանիտարական գրքույկներ: Մինչդեռ պարտադիր պայման է, որ վաճառողները պետք է անցնեն բժշկական ստուգում, որպեսզի կարողանան աշխատել»,-նշեց ՍԱՊԾ կենտրոնի գլխավոր մասնագետ Գնել Մանուկյանը:
Շուկայի անասնաբույժը հակադարձեց, թե առաջադրված պահանջները շատ խիստ են: Մսամթերքի վաճառքն այնքան էլ լավ չէ, մսավաճառները չեն վաստակում այնչափ, որ կարողանան վաճառակետի պայմանները սեփական միջոցներով բարելավել: Պարզ ասած՝ հետեւողական են սանիտարահիգիենիկ պայմաններին այնքան, որքան կարող են:
Մասնագետները, սակայն, զգուշացրին, որ թերությունները պետք է վերացվեն: Ստուգայցերը ավելի են հաճախակիանալու, եւ ուշադրության կենտրոնում է պահվելու հատկապես գյուղացիական սննդամթերքի իրացումը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս