Մայրաքաղաքի Ե. Տիգրանյան փողոցի 10 շենքի բնակիչ Հայկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հասցեագրված իր նամակում վրդովմունք է հայտնում «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Յաշյանից ծառայողական լիազորություններն ընդլայնելու եւ իրեն ահաբեկելու համար: Ստորեւ ներկայացնում ենք Հակոբյանի նամակը:
«Հարգելի՛ խմբագրություն, հայց եմ ներկայացրել դատարան ընդդեմ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի եւ վերջինիս սեփականատեր Աշոտ Ափոյանի՝ նվիրատվության պայմանագրերն առ ոչինչ ճանաչելու պահանջով: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործը վարույթ է վերցրել, եւ դատական նախնական նիստը նշանակվել է սույն ամսվա 10-ին: Միաժամանակ դիմել եմ «Աշտարակ կաթ»-ի գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանին՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ վերջնահաշվարկ կատարելու, անհրաժեշտ տեղեկանք տրամադրելու, ինձ պատկանող փաստաթղթերը վերադարձնելու, աշխատանքային գրքույկիս մեջ աշխատանքային ստաժս հաստատելու պահանջով:
Օրեր առաջ ինձ զանգահարում է նշված ընկերության անվտանգության ծառայության պետ, նախկին ոստիկան Էդուարդ Յաշյանը եւ հրավիրում ընկերություն: Վերջինս պնդում է, որ ես իմ հայցադիմումը հետ վերցնեմ: Ես նրան պատասխանում եմ, որ օրենքով սահմանված կարգով՝ այդ պահանջով ինձ կարող է դիմել միայն «Աշտարակ կաթ»-ի սեփականատեր, նախկին պատգամավոր Ա. Ափոյանը: Իսկ Յաշյանը հայտարարում է, որ վերոնշյալ գործարանի գործադիր տնօրենը՝ Ափոյանի փեսան, այդ հարցի լուծումն իրեն է վստահել: Իր աշխատասենյակում արատավորված ոստիկանի պահվածքով նախկին միլիցիոները հարցրեց՝ արդյոք չեմ վախենում, որ դուրս եմ եկել խոշոր բիզնեսմենի դեմ, ասաց, թե իրենք այնպես կանեն, որ տունուտեղս ծախեմ, չեմ կարող տակից դուրս գալ կամ, հակառակ դեպքում, խոստացան ամեն ինչ շրջել իմ դեմ: Այնինչ «Աշտարակ կաթ»-ի այս տուզիկ տեսակի գիշատիչը փորձում էր ինձ վախեցնել կամ իր խուճուճ ատամներով ոտքիցս բռնել: Ես չվախեցա եւ նրան տեղեկացրի, որ իր ահաբեկիչ մեթոդները հնացած են, եւ ազատ անկախ Հայաստանում այդ ամենն արդեն չի գործում:
Կարծում եմ, որ այդ չինովնիկն իր անբուժելի սովորույթներն ինքնագլուխ է գործածել, որովհետեւ Ա. Ափոյանը միշտ դեմ է եղել նման մոտեցումներին: Եթե նա գործադիր տնօրենի կամ սեփականատիրոջ կողմից չենթարկվի կարգապահական պատասխանատվության, կենթադրեմ, որ կատարել է տերերի հրամանը»:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց նաեւ «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Աշոտ Ափոյանի հետ, որն ասաց, թե Հակոբյանը փորձում է իր բարի համբավը մրոտել ու շանտաժով գործն առաջ «բրդել»: «Ես տղայի մոր բուժման համար մեծ գումար եմ տվել, սակայն տղան այն նպատակին չի ծառայեցրել: Նա իրավական եւ բարոյական ոչ մի իրավունք չունի ինձնից բան պահանջելու: Մնացածը դատարանում կլսեք»,-մեզ հետ հեռախոսազրույցում արդարացավ Ափոյանը:
Անշուշտ, քիչ թե շատ հայտնի մարդիկ իրենց մասին ցանկացած վատ կարծիք համարում են շանտաժ կամ բարի համբավի հանդեպ դրսեւորած ոտնձգություն: Բայց աներկբա է, որ Ափոյանը շատ մարդկանց է եվրոպական երկրներում բուժելու խոստումներ տալիս ու չի կատարում: Այնպես որ, նրա նախկին աշխատակցի դեպքում հաստատ դանակը ոսկորին է հասել: