Գյումրիում դատարանի առաջ է կանգնել հերթական ազատամարտիկը: Այս անգամ փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ ճանապարհով զինվորական կենսաթոշակ ստանալու մեջ մեղադրվում է արցախյան ինքնապաշտպանական մարտերի մասնակից, ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ նույն դատական քաշքշուկների մեջ էր նաեւ ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Ժորա Աթոյանը, որը երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ: Նրա ընկերներն ազատամարտիկի մահվան մեջ մեղադրեցին հենց դատական քաշքշուկ սանձազերծողներին:
Հերթական մեղադրյալը՝ Հ. Բաղդասարյանը, մարտի դաշտում է եղել 4 տարի շարունակ, այնտեղ էլ «կոնտուզիա» է ստացել: Հիմա դատարանում վիճարկվում է այն փաստը, թե Բաղդասարյանը «կոնտուզիա» ստացել է մարտի դաշտում, թե հետագայում, սակայն այդ հիվանդությունը կապել է ռազմական գործողություններին մասնակցելու հետ, շահարկել է այդ փաստը եւ գումարներ ստացել պետությունից: Դատարանը երեկ լսեց դատակոչված վկաներից Երվանդ Սեֆիլյանին, որը կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկ է:
Դատական նիստը հարթ չընթացավ: Ազատամարտիկը փորձում էր ապացուցել իր անմեղությունը, ուսի վերքերի սպիներն էր ցույց տալիս պետմեղադրողին եւ նիստին ներկա բժշկին, փորձում հավաստիացնել, որ սպիները տարիների պատմություն ունեն, որ 1993թ. մարտերի ժամանակ է ինքը վնասվածք ստացել: Բժիշկն էլ հակադարձում էր, թե վերքին նայելը քիչ է, հարկավոր է հատուկ փորձաքննություն՝ հասկանալու համար, թե կոնկրետ երբ է ազատամարտիկը վնասվածք ստացել:
Նշենք, որ պետմեղադրողները դեռեւս նախորդ նիստերի ժամանակ խոստանում էին շատ ազատամարտիկների կանգնեցնել դատարանի առաջ եւ կեղծիքներ բացահայտել:
Գյումրի