ԵՐԿՐՈՒՄ ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐԻ «ՏԵՌՈՐ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քիչ ավագ սերունդը հավանաբար կարոտով է հիշում «3-րդ ալիք»-ի հաղորդումները, որոնք ներկայացնում էին Արտավազդ Եղոյանը, Կարեն Քոչարյանը, Էլմիրա Արսենյանը, Արտակ Արզումանյանն ու Վաչագան Ներսիսյանը: Ո՞ւր են հիմա նրանք, ինչո՞վ են զբաղվում: «Ժողովուրդ» օրաթերթի հյուրն ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆՆ է, ումից էլ պարզեցինք, թե ինչ գործունեություն է ծավալում:
-Պարո՛ն Եղոյան, ինչո՞ւ Ձեզ հաճախ չենք տեսնում եթերում:
-Երբ ինձ հրավիրում են որեւէ հաղորդման մասնակցելու որպես հյուր, գնում եմ, բայց ոչ այն պատճառով, որ ուզում եմ երեւալ: Հրավիրողներին չեմ ուզում նեղացնել՝ չնայած վերջերս այնքան էլ շատ չեն: Պարզապես ամեն ինչ շատ փոխվել է: Տարիներ առաջ, երբ մեզ տեսնում էին փողոցում, այլ կերպ էին ընկալում, չեմ թաքցնում՝ հաճելի էր: Իսկ նոր սերունդը կարծես արդեն մոռացել է, մեզ տեսնելիս ասում է. «Տե՛ս, «3-րդ ալիք»-ի բանը»: Չեմ ասի, որ դա հաճելի է:
-Լավ, իսկ ինչո՞ւ դադարեցվեց «3-րդ ալիք»-ի գործունեությունը:
-Այնպես ստացվեց, որ Հանրային հեռուստատեսությունում, այն ժամանակ Հայկական հեռուստատեսությունում, հայտնվեցին մարդիկ, որոնց պետք չէր մեր ծրագիրը, ու սկսեցին ժամերը կրճատել, մենք էլ թողեցինք ու դուրս եկանք: Հիմա ցանկացած հեռուստաընկերություն էլ մեզ եթերաժամ կտա, բայց միայն այն դեպքում, եթե մենք գումար հայթայթենք: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, բավականին միջոցներ են պետք մեր ծրագրերն իրականացնելու համար: Մենք գոռոզ չենք, բայց ձեռք պարզելու էլ սովոր չենք:
-Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Տանը նստած՝ տարբեր ծրագրեր, երբեմն հանդեսներ, ֆիլմեր, տեսահոլովակներ, ինչու չէ, նաեւ հարսանիք եմ մոնտաժում:
-Նկատել եմ, որ Դուք ակտիվ օգտատեր եք «Ֆեյսբուք»-ում, հաճախ եք գրառումներ անում:
-Այո՛, ես գրանցված եմ տարբեր բլոգներում, էջերում: Ես արձագանքում եմ ցանկացած խնդրի, բայց դրա հետ զուգահեռ ներկայացնում եմ մշակութային նյութեր, կան երիտասարդ գրողներ, որոնց բանաստեղծություններն ինձ դուր են գալիս: Վերջերս էլ, չգիտես ինչու, կպել եմ պոեզիային եւ բանաստեղծություններ եմ կարդում, ձեւավորում, տեսահոլովակներ պատրաստում ու տեղադրում համացանցում:
-Ի՞նչ եք կարծում, այդ նույն «Ֆեյսբուք»-ը կարողանո՞ւմ է ինչ-որ հարցեր լուծել:
-Իհարկե կարողանում է: Այնտեղ արտացոլվում է ժողովրդի միտքը: Նա, ով չէր կարող իր ձայնը որեւէ կերպ որեւէ տեղ հասցնել, գրում, թողնում է սոցիալական կայքերում: Օրինակները շատ են, նույնը «Հարսնաքար»-ի դեպքերի մասին, մարդիկ տարբեր բաներ էին գրում, պարզապես ինձ դուր չի գալիս, երբ հայհոյանքներ են գրում: Դա նույնն է, ինչ ժողովրդի մեջ կանգնես ու հայհոյես: Հենց այդ նույն «Ֆեյսբուք»-ում ես տեսա այն կերած, հաստացած մարդասպանի դեմքն ու հիշեցի առակը. «Ա՛յ ապերախտ կենդանի, ո՞վ քեզ նման վիզ ունի»: Ես եկա այն եզրակացության, որ պետք է գոռալ. «Ժողովո՛ւրդ, փակե՛ք ձեր լուսամուտներն ու դռները, տանից էլ դուրս չգաք: Երկրում տիրում է հաստավիզների տեռորը»:
Այս ի՞նչ է կատարվում, ահավոր է, չես էլ կարող որեւէ մեկի մոտ որեւէ բան ասել, վայրենացած գամփռների պես կհարձակվեն ու կծեծեն:
-Կարծում եք՝ չկա՞ խոսքի ազատություն:
-Գուցե եւ կա, բայց երբեմն այդ խոսքի համար մեծ կորուստներ ես ունենում, ընդհուպ մինչեւ մահ: Եւ վերջապես, խոսքի ազատությունն էլ չափ ու սահման պիտի ունենա: Տատս ասում էր. «Խելոքի համար խոսելն է իմաստություն, հիմարի համար` լռելը»:
-Դուք կարողանո՞ւմ եք ազատ արտահայտել Ձեր կարծիքը:
-Իհարկե կարողանում եմ, ես վախենալու ոչինչ չունեմ, վաթսունն անցել եմ (ծիծաղում է-Ե.Ռ.), բայց ուզում եմ, որ ոչ ոք չվախենա ու հանգիստ ապրի այս երկրում: Վստահեն, հավատան, որ փոխեն, որը չի փոխվում: Չհավատացին, ու չփոխվեց: Կառավարությունը մնաց նույնը: Երդվում եմ, երբ որեւէ բան փոխվի, կգաք կասեք՝ Արտո՛, ամոթ քեզ, ի՜նչ թերահավատն ես:
-Որեւէ կուսակցության անդամակցո՞ւմ եք:
-Ո՛չ, ես սովորական քաղաքացի եմ` Երեւանում ապրող, եւ ուզում եմ, որ ես, կինս, երեխաներս ու մյուսները հանգիստ քայլեն փողոցում ու չվախենան այդ 21-րդ դարի մաուզերիստներից, որոնց ձիերին փոխարինելու են եկել արագընթաց սեւ ջիփերը, որոնցով կարող են գալ ու վրայովդ անցնել այնպես, ոնց որ քամին է անցնում ու ցրում պլաստիկ տոպրակները: Ճիշտ այդպես նրանք են անում ժողովրդի հետ: Սա անպատժելիության հետեւանքն է:
-Ամեն ինչ այդքան սուր է ու ծայրահե՞ղ:
-Շատ ավելի սուր է, քան տեսնում ու լսում եք: Եթե օրենք լիներ… դե արի՛ ու մի՛ ասա, Օսկանյանը փողերը լվացել, կերել է… հարգելինե՛րս, ասենք թե այդպես է, մինչ այդ չգիտեի՞ք: Չէ՞ որ միասին մի հարթակի վրա էիք կանգնած, նո՞ր հայտնաբերեցիք, թե քաղաքական առումով պետք էր որեւէ մեկին էլ տապալել: Եթե օրենքը սկսի կիրառվել, բազմաթիվ հայտնի գլուխներ պիտի թռչեն, եւ մենք ստիպված կլինենք նոր խորհրդարան ընտրել եւ ոչ միայն խորհրդարան:
շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս