ԿՅԱՆՔԸ ԴԱԺԱՆ ԿԵՐՊՈՎ ՀԱՐՎԱԾԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան կռվի ժամանակ երիտասարդ աղջիկը գնաց հայրենիքի վաղվա լավ օրվա համար պայքարելու. լուսավոր Հայաստանի մասին էր երազում: «Է՜հ, ինձ եւ իմ երեխաների համար երազանք մնաց սեփական երկրում լավ կյանքով ապրելը: Ա՜խ, որ իմանաք, թե ինչքան ցավ կա մեջս»,-արցունքակալած աչքերով ասաց մուրացիկ կինը, որի հետ «Ժողովուրդ»-ը զրուցեց Զորյան փողոցում:
73-ամյա Մարգարիտա Սարգսյանի ամուսինը մահացել է շատ վաղուց: Ունի երկու երեխա` Գեղամն ու Մարիետան. «Ամուսինս լավ տղա էր, ինձ ու էրեխեքիս լավ էր նայում: Հիմա է, որ ոչինչ չունեմ, կյանքն ինձ դաժան կերպով հարվածեց: Ապրելու պայմաններ չունեմ, մենակ տեսնեք, մի կռավաթն ինչ է, դա էլ չունեմ»:
«Մարիետաս 1965 թվի ծնունդ է, գնաց կռիվ: Այնտեղ վիրավորվեց: Տղաս երեւի տեսավ քրոջ այդ ծանր վիճակն ու այդ օրվանից խփնվել է, լեզուն կուլ է գնում, լուրջ հիվանդ է»,-ասաց Մարգարիտա տատը: Մուրացող կինն ապրում է Խարբերդի 5-րդ փողոցի 21-րդ տանը: Ամեն օր գալիս է Օպերայի տարածք եւ հատկապես Զորյան փողոց, քանի որ, ինչպես նա նշեց, այդ փողոցում քչից-շատից լավ փող է աշխատում: «Ստեղ խաթրիս կպնող չկա: Հելնում եմ Խարբերդից, գալիս հասնում եմ էստեղ երկու կոպեկի համար, ի՞նչ անեմ, ասե՛ք, ասե՛ք՝ ուրիշ ինչ կարամ անեմ էս անիրավ աշխարհում: Օրը 2000-3000 դրամ հավաքում եմ, հաց, պանիր, դե էդքան փողին ի՞նչ կարամ առնեմ: Տո ա՛յ բալա ջան, օր էլ կա, բան չեմ հավաքում, քանի որ երկար չեմ մնում, ոտքերս ու մեջքս ցավում են»:
Մուրացող կինը հաճախ փող է խնդրում նաեւ մեքենաների ղեկին նստած վարորդներից, եւ ինչպես նա է նշում, հարուստներն ապակիներն արագ փակում են, երբ տեսնում են իրեն. «Հասարակ մեքենաների վարորդներն ավելի խղճով են, տալիս են: Իսկ էդ հոնդաների մեջինները սկի պատասխան էլ չեն տալիս: Մի օր մեկին ասի, թե ա՛ տղա ջան, ժամանակին Մարետս էլ ուներ էդ քո հնարավորությունը, բայց ի՞նչ օգուտ: Ասի իմացի՛, կյանքը փիլաքյան է, էսօր էդ ժեշտի կտորն ունես, վաղը հոպ՝ չկա, ի՞նչն է մնում` մարդկությունն է մնում, կյանքն է էդպես»:
Ժողովրդի տված կոպեկներով ապրող կինը շատ անգամ է գնացել երկրի նախագահի մոտ՝ օգնություն խնդրելու. «Է՜հ, գնացել եմ, ի՞նչ օգուտ, դիմում չեն տվել, ո՞վ է հաշվի առնում, ո՞վ է բանի տեղ դնում»: Մարգարիտա տատը դատարկ ձեռքով չի մոտենում մեքենաներին: Դստեր` Մարիետա Սարգսյանի՝ «Երկրապահ»-ի անդամի գրքույկը պահում է աջ ձեռքում, իսկ մյուս ձեռքով էլ սպասում է օգնության. «Մարետիս կյանքն էլ սենց էղավ: Իր թոշակը տալիս են ինձ: Ծերության թոշակ էլ եմ ստանում, բայց ա՛յ բալա ջան, աշխատանքային գրքույկս վառվեց: 40 տարվա աշխատանք եմ արել, գնացի ընկա դռնեդուռ, ասի օգնեք, բանի տեղ դնող չկա: Չնչին կոպեկներ են տալիս են ինձ: Ամեն ինչի գներն ինձնից լավ գիտես, էդ երկու կոպեկով ապրել հնարավո՞ր է»:
Նրա միակ երազանքը լավ ապրելն է. «Նայում եմ, տեսնում եմ՝ լավ հագնվում են, լավ կյանք են անում: Աստվա՛ծ ջան, վատ չհասկանաս ինձ, աղջի՛կ ջան, չեմ նախանձում, բայց ուզում եմ՝ ես էլ լավ ապրեմ ու մի հատ կռավաթ ունենամ, էն հին վախտվա կռավաթների վրա եմ քնում, շատ լավը պետք չի, կռավաթ լինի, որ մուշ-մուշ քնեմ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս