ՀԱՐՑ. Հայաստանում գործում են բազմաթիվ կոսմետոլոգիական ծառայություններ: Ո՞վ է վերահսկում մատուցվող ծառայությունները, եւ արդյոք առողջապահության նախարարությունը նրանց լիցենզիա տալիս է: Իսկ եթե դժբախտ դեպքեր են լինում (օրինակ՝ մահվան ելքով), ապա ո՞վ է պատասխան տալիս:
տնային տնտեսուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2008թ. մարտի 27-ի N 276-Ն հավելվածի ցանկով սահմանված են ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները, որոնց թվում առկա է կոսմետոլոգիական տեսակը (որն իրականացվում է լիցենզավորված անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց կողմից):
Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «Առողջապահության բնագավառ» բաժնի՝ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը ենթակա է լիցենզավորման: ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.37-րդ կետով սահմանված են կոսմետոլոգիական կաբինետներին ներկայացվող տեխնիկական եւ կադրային հագեցվածության պարտադիր պայմանները եւ պահանջները: ՀՀ առողջապահության նախարարությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 15 թիվ 1300-Ն որոշման հավելվածի 1-ի 8-րդ կետի ա) եւ է) ենթակետերով, իրականացնում է.
«Բժշկական օգնության կազմակերպման եւ բուժօգնության որակի գնահատման չափորոշիչների եւ չափանիշների մշակումը, դրանց իրականացման դիտարկումը: Լիցենզավորման եւ որակավորման համար պարտադիր պահանջների եւ պայմանների մշակումը ու դրանց պահպանման նկատմամբ դիտարկումների իրականացումը, առողջապահության համակարգի հիմնարկների եւ կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը»:
ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կոսմետոլոգների եւ համանման մյուս ծառայությունների գործունեությունը, անշուշտ, պետք է օրենքով կանոնակարգվի: Լիցենզավորման կարգն էլ կարծեք թե պարբերաբար թարմացվել է՝ համապատասխանեցվելով այս մասնագիտության եւ բիզնեսի արագ զարգացմանը: