Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը քողարկված մոտեցում է վերջին իրադարձություններին. Սամվել Նիկոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավ է, որ հանրապետության նախկին նախագահը դիմում է գործող նախագահին մեր պետության առջև կայացած կարևոր խնդիրներին, ըստ իրեն, շատ ավելի արդյունավետ լուծում տալու համար: Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հրապարակային բաց նամակին` այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Վերջինիս խոսքով` նամակն ընթերցելիս նրա մոտ երկակի զգացողություն է առաջացել:

«Իհարկե, հրապարակային նամակն ուղղված է նախագահին, և իրավասությունն այդ նամակին որևէ կերպ արձագանքելու ունի միայն նախագահը: Իսկ ինձ մոտ երկակի զգացողություն առաջացավ այն ընթերցելիս: Իհարկե, կար այն մտահգությունն ու մտածմունքը, թե ինչու նախ հրապարակային քննադատել, և ինչու հրապարակային դիմել: Չէ՞ որ այդ մտքերը կարելի է նաև, ինչպես ընդունված է, խորհրդապահական ձևով դիմել` որպես գաղափարներ: Դիմելու և համագործակցելու փաստը բոլոր առումներով դրական եմ գնահատում: Բայց երբ հասա վերջին մտքին, ամեն ինչ, կարծեք թե, ընկավ իր տեղը»,- շարունակեց մեր զրուցակիցը` նկատի ունենալով բաց նամակի հետևյալ հատվածը. «Ցավում եմ, որ ներկա պահին Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»:

Սամվել Նիկոյանը նշեց, որ եթե հանրապետության առաջին նախագահը գիտեր, որ հնարավոր չէ իրականացնել, ապա ո՞րն է հրապարակային դիմելու իմաստը:

«Ինչո՞ւ եք դիմում հրապարակային և ոչ թե կոնկրետ լուծումներ առաջարկում խորհրդապահական ճանապարհով: Նշանակում է, որ սա ոչ թե այդ կարևորագույն խնդիրներին վերաբերող նամակ է, որը 100-ամյա տարելիցին հավուր պատշաճի մեր պետության կողմից հնարավոր հռչակագրերի տեսակետների արտահայտման մասին պետք է լիներ, այլ սա ընդամենը ներքաղաքական վերջին իրադարձություններին շատ քողարկված մոտեցում է»,- ասաց Ս. Նիկոյանը` նշելով, որ նամակում տեղ գտած արտահայտությունը, թե այս քայլը բացառապես ազգի շահերից է բխում հօդս ցնդեց:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ասվում է, որ ինքը ցանկություն ունի դեմ առ դեմ հանդիպելու Ս. Սարգսյանի հետ: Թե ինչպիսին կլինի ՀՀ նախագահի արձագանքը, պարզ կլինի առաջիկայում:




Լրահոս