Ճամբարափոխ պատգամավորների անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքաղաքական խմորումների արդյունքում ԲՀԿ-ականների շարքերը գնալով նոսրանում են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել պատգամավոր Արագած Ախոյանը, իսկ խմբակցությունից էլ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո):

Այսօր տեղեկություն ստացվեց, որ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին Ազգային ժողով դիմում է ներկայացրել Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), իսկ պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) և Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) խմբակցությունից դուրս գալու դիմումներն արդեն ուղարկել են Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:

Թերևս այս պարագայում ավելորդ չէ մեկ անգամ ևս անդրադառնալ ԲՀԿ-ն լքած գործարարների քաղաքական անցյալին, որոնք բավական խոսուն են:

Եվ այսպես, Մելիք Մանուկյանը քաղաքական ճամբարը փոխած քաղաքական գործիչների թվին է դասվում: Ոչ վաղ անցյալում նա եղել է ՕԵԿ-ական, այնուհետև լքել այն և տեղափոխվել ԲՀԿ: Մինչև 2006թ. մայիսի 22-ը եղել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, իսկ արդեն 2007թ.  պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ից: Նա Ազգային ժողովում ո՛չ մի օրենսդրական նախաձեռնությամբ, ելույթով, ո՛չ էլ հարցուպատասխանով հանդես չի եկել: Նշենք, որ նա Հայաստանում ապակյա տարաների արտադրության ոլորտում գրեթե մենաշնորհային դիրք ունի ու հանդիսանում է մատակարար խմիչք արտադրող հայտնի գործարանների մեծ մասին:

Արագած Ախոյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2010թ-ին, և շարունակել գործունեությունը 2012 թ-ի ԱԺ ընտրություններից հետո: Մինչ այդ նա զբաղվել է շինարարական գործունեությամբ: Նա 2001-2002թթ. աշխատել է  «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն, 2003-2004թթ. եղել է «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ.`  «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետև` նախագահ: Ախոյանը պատգամավոր լինելու տարիներին հարցեր և ելույթներ չի ունեցել:

Կարո Կարապետյանի անունն ավելի շատ սկսեց շրջանառվել Վերնիսաժի հայտնի դեպքերից հետո, որում ներգրավված է նաև նրա փեսան` Գոռ Առաքելյանը: Նա համամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել 2007թ և 2012թ-ին: Նա ևս այն պատգամավորներից է, ով օրենսդրական գործունեություն չի ծավալել և  այս ընթացքում ոչ մի առաջարկով հանդես չի եկել:

Հարություն Ղարագյոզյանը 1990 թ-ից (Գերագույն խորհուրդ) մինչև 2007թ-ն անընդմեջ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ից և միայն 2007թ. պատգամավոր դարձել համամասնական ընտրակարգով` ԲՀԿ-ից: Նա 1985-1990թթ. «Հայխողովակառ» վարչությունում աշխատել է տնտեսագետ, բազայի տնօրեն, 1992-1993թթ.՝ «Հայմետաղառ» ֆիրմայի գլխավոր տնօրեն, 1993-1995թթ.՝ Երևանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայհրուշակ» ԲԲԸ նախագահ:

Գրիգորի Մարգարյանը մինչ 2006թ. մայիսի 22-ը եղել է «Օրինաց երկիր» կուսակցության և խմբակցության անդամ: Իսկ 2007 և 2012թթ. նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից` թիվ 11 ընտրատարածքից: Նա ևս դասվում է վերը նշված այն պատգամավորների թվին, ովքեր ԱԺ-ում օրենսդրական գործունեությամբ աչքի չեն ընկել:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հնարավոր հաշտեցումը չի ապահովագրում ԲՀԿ-ից այլ պատգամավորների հեռանալը:




Լրահոս