Կոտայքի մարզի Արամուս գյուղի 17-ամյա աշակերտուհու մահվան գործով կալանավորված Նորայր Ստեփանյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Ըստ նրա՝ Ստեփանյանի անազատության մեջ գտնվելն անհիմն է:
Հիշեցնենք, որ 2012-ի հունիսի 18-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ավարտական պետական քննությանը 30 մետր վազք կատարելու ժամանակ 12-բ դասարանի աշակերտուհիներից մեկը՝ Մարիամ Արշակյանը, բարձր ճչացել է ու ընկել: Աղջկան տեղափոխել են “Աբովյան” բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նրա մոտ ձախ ազդրի կոտրվածք է: Սակայն մի քանի օր անց ճարպային էմբոլիա ախտորոշմամբ Մարիամը մահացել է, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանի հանդեպ քրեական հետախուզում սկսվել: Նշենք, որ Մարիամը Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի եղբոր թոռն է:
Փաստի առթիվ 2012թ. հունիսի 28-ին Ն. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 1-ին, 325 հոդվածի 1-ին եւ 38-338-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն է` կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու դրդչություն: Վերջինը վերաբերում է նրան, որ իբր Ստեփանյանը, իմանալով, որ Մարիամի համադասարանցիները՝ որպես վկա, հրավիրվել են հարցաքննության, կանչել է դպրոցի տնօրենի աշխատասենյակ եւ տնօրենի, դասղեկի ներկայությամբ աշակերտներին դրդել սուտ ցուցմունք տալ:
“Ժողովուրդ”-ը զրուցեց Ստեփանյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանի հետ: Նա նշեց, որ հարուցված քրգործի շրջանակներում Մարիամի հայրը՝ Մելիք Արշակյանը, հաղորդում է տվել, թե իբր 2011-ի հոկտեմբեր ամսին 30 հազար դրամ կաշառք է տվել Ստեփանյանին, որպեսզի ֆիզկուլտուրա առարկայից իր դստեր բացակաները չգրանցի դասամատյանում: Այդ ամենից հետո նրա բնակարանը, դպրոցի եւ գյուղապետարանի աշխատասենյակները խուզարկվել են: Սակայն ոչ մի խախտում չի արձանագրվել: “Անհավատալի բան է: Սա չես կարող հիմնավոր կասկած ընդունել, որովհետեւ իրենց կսկիծն ու ցավը կարծես ուզում են փարատեն իրենց ձեւով կամ ինչ-որ մեկի վրա բարդելով: Դե գնացե՛ք, քարին, սարին, ձորին ասե՛ք, որ էս ինչ էր: Բայց ոչ երբեք Նորայր Ստեփանյանին”,-մեզ հետ զրույցում պարզաբանեց Հովիկ Արսենյանը:
Գյուղի բնակիչները, նկարագրելով Ստեփանյանին, ասացին, որ նա բարեխիղճ մանկավարժ է, եւ շատ են ափսոսում, որ հիմա նա անազատության մեջ է: Նշենք, որ Ն. Ստեփանյանը նաեւ գյուղապետի տեղակալ է, ազատամարտիկ եւ մահապարտների “Արծիվ” ջոկատի անդամ: “Դժբախտաբար, զարմանալիորեն այսօր այդ ուսուցիչը, ՀՀ լավ քաղաքացին գտնվում է կալանավայրում ու տառապում է խրոնիկ հիպերտոնիա հիվանդությամբ: Նա մշտապես դեղահաբեր է ընդունում եւ գտնվում է բժշկի հսկողության տակ: Եւ մեր այս հզոր ու արդարադատ դատարանները մեկը մյուսի հետեւից կալանավորման սանկցիաները տվեցին՝ չմտածելով, որ դրանով անպաշտպան են թողնում ու հեղինակազրկում քաղաքացուն”,-ափսոսանքով նշեց դատապաշտպանը:
Նա մեզ տեղեկացրեց, որ չի սպասելու ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը, այլ դիմելու է Եվրոպական դատարան. “Որովհետեւ անհիմն են այդ մարդուն անազատության մեջ պահում”:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ