ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Ավան վարչական շրջանում տեղակայված ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս լաբորատորիայի վերակառուցվող շենքի շինհրապարակ: Նախարարը հետաքրքրվեց շինարարական աշխատանքների պատշաճ կատարման որակով և ժամկետներով: Շենքը վերակառուցվում է ՀՀ և ԱՄՆ միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի համաձայն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակում:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և «Դետրա» ընկերության մասնագետները նախարարին ներկայացրին 2014 թ. սեպտեմբերից մեկնարկած աշխատանքների ծավալները:
Վերակառուցված լաբորատորիաների գործարկումը կնպաստի գործող լաբորատորիաների հետազոտությունների որակի ապահովման և հայտնաբերված հարուցիչների նույնականացման գործընթացի իրականացմանը, երկրի տարածքում պատշաճ համաճարակաբանական և կենսաբանական դիտարկման հետագա զարգացմանը, կենսաբանական անվտանգության պահանջների ապահովմանը, կխթանի կենսաբանական անվտանգության ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը, միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը:
Շենքում նախատեսվում է տեղակայել հանրային առողջապահության ազգային մակարդակի, ամերիկյան չափանիշներին համապատասխան համաճարակաբանների և հիգիենիստների, ռեֆերենս լաբորատոր ուսումնական կենտրոնը: Շինարարական աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թ. աշնանը, որից հետո կմեկնարկի շենքի վերազինումը: