ԼԱՎ Է ՄՏԵՐՄԱՆԱԼ ՇՆԵՐԻ, ՔԱՆ ԱՆԲԱՐՈ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վանաձորի եւ Վանաձոր այցելող երիտասարդների հանգիստը բովանդակային դարձնելու համար Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը որոշել է քաղաքի այգիներից մեկը՝ Սայաթ-Նովայի անվան զբոսայգին, վերածել դիսկոտեկի վայրի: Այգին վարձակալի ձեռքից վերցնելու համար քաղաքապետարանը դիմել է դատարան եւ շահել դատը: Այգու վարձակալ, ավագանու նախկին անդամ Վահան Մխիթարյանն էլ որոշել է չհանձնվել ու պայքարել մինչեւ վերջ՝ դիմելով ՀՀ վերաքննիչ դատարան:
Քաղաքապետարանի գույքի կառավարման, եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանին քաղաքապետ Դարբինյանը հանձնարարեց իրավաբանի եւ ճարտարապետության ու քաղաքաշինության բաժնի հետ միասին զբաղվել այգին վարձակալից հետ վերցնելու հարցով. “Ուրեմն նորից դիմե՛ք նոր հիմունքներով: Էնտեղ երեւի հիմքերն էլ ճիշտ չէիք գրել: Ճարտարապետական բաժնի հետ, իրավաբանի հետ աշխատե՛ք, եւ էդ այգին հետ ենք վերցնում, եթե հրաժարվում ա մեր հետ շփվելուց: Այսինքն՝ ծառերը կկտրի, կտանի, կվառի, ինչ կուզի՝ կանի, ամբողջ այգին առանց գույքի կթողնի, եւ հրաժարվում ա, հա՞… ո՞վ ա դա, որ հրաժարվում ա: Ուրեմն լսե՛ք, դատարան դիմելու ձեւ սովորե՛ք, հա: Օրինական հիմքերով մտե՛ք դատարան, որ դատավորները չկարողանան այլ որոշում կայացնեն”: Քաղաքապետ Դարբինյանը նշում է, որ այգու վարձակալության տարիներին այն պատշաճ ձեւով չի շահագործվել. “Ի՞նչ ա նշանակում՝ ուղիղ տասը տարի էդ այգին մեր քաղաքացիների համար մի կտրած մատի աղ անելու ծառայություն չմատուցեց: Մխիթարյան Վահանն էդքան հզոր տղա ա, հա՞: Ամբողջ 106 հազար ազգաբնակչությունից էդ տարածքը վերցնի ու բարձիթողի թողնի”: Քաղաքապետի հնչեցրած հարցի հետքերով այցելեցինք Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգի, որտեղ էլ հանդիպեցինք այգու վարձակալ Վահան Մխիթարյանին:
-Պարո՛ն Մխիթարյան, տեղյա՞կ եք, որ քաղաքապետն ուզում է այս այգին վերածել դիսկոտեկի վայրի:
-Լրատվական կայքում եմ կարդացել, երկրորդն էլ Ձեզնից իմացա: Գիտեք ինչ, միայն քաղաքապետը չէ, ՀՀ շատ-շատ իշխանավորներ, ում ձեռքին մի քիչ լծակ կա, չեն պատկերացնում “ՈՐՍ” բառը, այսինքն՝ հանգստի գոտին եւ ատրակցիոնն ինչ ա: Դրանք տարբեր բաներ են: Ատրակցիոն կենտրոնն աղմկոտ վայր է, որտեղ մարդիկ գնում են, ուրախանում, իսկ հանգստի վայրերում մարդիկ հանգստանում են, որտեղ կա ծտերի ծլվլոց, ծառեր…
-Քաղաքապետը մտավախություն ունի, որ հնարավոր է՝ մի օր Դուք կտրեք այգու ծառերը…
-15 տարի ոչ մի ծառ չի կտրվել էն դեպքում, երբ հենց մարզպետարանի դիմացի եղեւնիները կտրվեցին: Անձամբ իրեն (նկատի ունի քաղաքապետին-Մ.Պ.) նորմալ եմ միշտ ընդունել եւ հիմա էլ եմ նորմալ ընդունում: Տղա ա, աշխատում ա: Իր կողքին կանգնած մարդիկ, իր խորհրդատուները, որոնք իր հետ երեւի բարեկամական կապեր ունեն, նրանք են անհաջող մարդիկ, որոնք արջի ծառայություն են մատուցում: Նրանք ստիպում են Սամվել Դարբինյանին կատարել սխալ, հակամարդկային քայլեր, որոնք ինքն անձամբ չէր կատարի:
-Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ:
-Դե, քաղաքապետարանի բոլոր “կլյուչեւոյ” ղեկավարները:
-Իսկ ո՞րն է այդ մարդկանց շահագրգռվածության պատճառը:
-Շահագրգռվածությունն այն է, որ մարդիկ տեսնում են՝ այսօր քաղաքում էլ չկան վաճառքի ենթակա տարածքներ: Հիմա միակ տարածքը, որ մնացել է, քաղաքային այգին է: Ի դեպ, մի քանի տարի առաջ ուզում էին այգու կողքին բենզակալոնկա սարքել, ես չթողեցի, բոլորի բկին մնաց: Ես չեմ ասում՝ էստեղ շատ լավ ա, կան դեռ բաներ, որ պիտի արվեն, բայց հանգստի համար ամեն ինչ ապահովված է. նստարանները կան, այգին անընդհատ մաքրվում ա: Մխիթարյան Վահանն էս քաղաքային այգուց ոչ մի եկամուտ չի սպասել եւ չի էլ սպասում: Ես քանի անգամ ասել եմ՝ ցանկացած քաղաքացի, ցանկացած կիրովականցի, երեւանցի, ճապոնացի, ով ուզում է լինի, եթե ուզում է հանգստի գոտուն համահունչ որեւէ բան դնել այգում, համեցե՛ք, դրե՛ք: Չախ-չախ թագավորը կամ յոթգլխանի վիշապը չեմ, որ ասեմ՝ էս սարն իմն ա, էս ծառն իմն ա: Ես կատարել եմ քաղաքացու պարտականությունները, չեմ թողել քաղաքային այգին վերածվի շինարարական կենտրոնի, պահպանել եմ այգին իր լանդշաֆտով: 
-Մի քանի տարի առաջ Դուք ավագանու անդամ էիք: Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Ես երկար ժամանակ ոչ մի բան չեմ խոսել, որովհետեւ տեսել եմ, որ զզվելի ա մեր Հայաստանի քաղաքականությունը, քաղաքական դաշտն իր ամենաբարձր դեմքերի հետ միասին: Սա մայմունություն ա, այսպես ասած: Զբաղվում եմ արվեստով, երաժշտությամբ, կինոլոգիայով: Ավելի լավ է՝ մտերմություն անեմ շների հետ, քան անբարո մարդկանց, իշխանավորների հետ: Հիմա ես հեռացել եմ ամեն ինչից, չեմ ուզում մասնակցել իրանց որեւէ բանին, բայց սրանք նորից ընկել են իմ հետեւից: Փաստորեն, եթե դու պալիտիկայով չես զբաղվում, պալիտիկան ա քեզանով զբաղվում: Նշանակում է՝ ես նորից պետք է վերադառնամ պալիտիկա եւ իրանց հասկացնեմ, թե ինչն ինչից հետո է: 
-Անդրադառնանք համայնքի ղեկավարի եւ ավագանու՝ առաջիկայում կայանալիք  ընտրություններին: Ի՞նչ եք կարծում, դրանք արդա՞ր կանցնեն:
-Իրանք բոլորն իզուր են չարչարվում: Էս ընտրություններին էն թիվը, որ պետք է նկարվի Երեւանից, պտի նկարվի: Հիմա թե նկարչությունն ում օգտին է հանձնարարված, դա Երեւանում գիտեն:
ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս