Armlur.am-ն արդեն հայտնել է, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ Սամվել Կարապետյանը երեկ գիշեր ժամանել է Հայաստան` հաշտեցնելու երկրի նախագահ Սերժ Սարգսյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Armlur.am-ի տեղեկություններով` այսպես կոչված, բանակցությունները հանգեցրել են նրան, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի: Եվ լուրեր կան, որ սառույցը որոշ չափով կոտրվել է: Երկու օր առաջ սկսված գրոհը` ընդդեմ Ծառուկյանի, այս պահին դադարեցված է: Բոլորը սպասում են բանակցությունների ավարտին, որից հետո կա՛մ նոր թափով կսկսվի հարձակումը կա՛մ էլ պետական բոլոր օղակները կմոռանան Ծառուկյանի մասին:
Իմանալու համար իրադարձությունների այսպիսի զարգացումներից հետո փետրվարի 20-ին նախատեսված շտապ հանրահավաքը կկայանա՞ արդյոք և կայանալու դեպքում ինչ ձևաչափով, Armlur.am-ն այսօր ժամեր շարունակ փորձեց կապ հաստատել ԲՀԿ-ի որևէ ներկայացուցչի հետ, սակայն` ապարդյուն: Ժամը 16:00-ից չի հաջողվում որևէ կերպ խոսել ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ ևս:
ԲՀԿ-ի շուրջ ծավալվող խմորումների և այս օրերի ներքաղաքական լարված իրադրության պարագայում ԲՀԿ-ականները կամ լքում են կուսակցության շարքերը, կամ ընդհատակ են անցնում: