Սրված վիճակ է եղել, հանդիպել են. Տիգրան Կարապետյանը՝ Ս. Սարգսյան-Գ. Ծառուկյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սառույցը հալվում է և երկու ուժերի միջև հաշտեցման նշույլներ են երևում:

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը Armlur.am-ի հետ զրույցում սկզբում հանդիպման մասին տեղեկությունը համարեց ասեկոսեներ՝ նշելով, թե հանդիպման մասին որևէ ստույգ տեղեկատվություն չկա:

Մեր այն դիտարկմանը, որ հանդիպման փաստը հաստատել է այն կազմակերպող ուժի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Տ. Կարապետյանը նշեց. «Պետք է իմանալ, թե ինչի մասին են խոսել: Սրված վիճակ է եղել, հանդիպել են, բայց թե ինչ են որոշել՝ տեղյակ չեմ, կրակն առանց ծուխ չի լինում»:

Նրա խոսքով, այս ամենը կարող է նպաստել, որ սուր հարաբերություններ չլինեն, բայց Տ. Կարապետյանն այստեղ սկզբունքային հարց է տեսնում: «Սահմանադրական բարեփոխումները չպետք է կայանան: Եթե այդ հարցի շուրջ պայմանավորվածություն լինի և ասեն՝ ԲՀԿ առաջնորդը համաձայնվել է, որ սահմանադրական բարեփոխումներ լինեն, դա ինձ համար կլինի այլ դաշտ: Բայց այժմ տենց բան չկա, ես գիտեմ, որ ԲՀԿ առաջնորդը դեմ է բարեփոխումներին», – ընդգծեց նա:




Լրահոս