Սուբյեկտ հանդիսացող Գագիկ Ծառուկյանից ԱԺ-ն որևէ նամակ չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 16:00-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գրության պատասխանը, ԱԺ կանոնակարգ-օրենսգրքի համաձայն, պետք է փոխանցվեր: Սակայն ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնել է, որ նշված պահի դրությամբ իրենք Գագիկ Ծառուկյանից որևէ պարզաբանում չեն ստացել ԱԺ նիստերից իր բացակայությունների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ին հայտնել է, որ ԲՀԿ խմբակցությունը երեկ գրություն է ստացել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ, որն, ի դեպ, ԱԺ նախագահը , օրենքի համաձայն, համարել է հարգելի:

Լրատվամիջոցին Ն. Զոհրաբյանը հայտնել է նաև, որ 16․00-ից տասը րոպե առաջ իր գործավարն ընդհանուր բաժին է հանձնել Նաիրա Զոհրաբյանի՝ իբրև խմբակցության քարտուղարի գրությունն՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Ի պատասխան Գալուստ Սահակյանի հարցման` Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանի բացակա օրերի վերաբերյալ համապատասխան կարգով ԱԺ նախագահին են ուղարկվել գրություններ ու սահմանված կարգի համաձայն՝ Գալուստ Սահակյանն այդ բացակայությունները համարել է հարգելի։

Armlur.am-ը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից փորձեց ճշտել` այսպիսով այդքան սպասված նամակը ստացվել է, թե ոչ: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ «այս պարագայում սուբյեկտը Գագիկ Ծառուկյանն է, իսկ սահմանված կարգով և ժամին Գագիկ Ծառուկյանից որևէ նամակ չի ստացվել»:

Հ. Գ. Տպավորություն է, որ այս օրերի ներքաղաքական լարված իրավիճակը կտրուկ կանգ է առել: Պատճառը, ամենայն հավանականության, այսօր Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկայն հանդիպումն է, որի ընթացքում զինադադար հաստատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:




Լրահոս