Օրերս Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, որի ընթացքում վերջինս խիստ քննադատության էր ենթարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, պարզվում է՝ իր գործուն ազդեցությունն է թողել ոչ միայն քաղաքական դաշտի, այլեւ դրանից դուրս, թվում է թե՝ քաղաքականության հետ կապ չունեցող անձանց գործելաոճի վրա:
Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ որոշ արտիստներ, երգիչներ ու տարբեր ոլորտների փորձագետներ այս վերջին իրադարձություններից հետո շտապ չեղյալ են հայտարարել իրենց՝ նախապես հաստատած մասնակցությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նախագծերին:
«Լավ, բա որ հանկարծ հրաշք կատարվի, մի օր իրավիճակը փոխվի, բա էդ ժամանակ ո՞նց ձեզ կզգաք: Ինչպես ասում էր «Սպինոզան»՝ էսօր աշխատում ա, վաղը չի աշխատի, մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք («Մեր բակը»)»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ դա վախի և զգուշավորության հետևանք է: Լ. Բադալյանը խուսափեց խոսել այլ նախագծերի մասին, բայց փաստեց, որ «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը, որի հաղորդավարներից է նաև ինքը, ևս կանգնած է այդ խնդրի առջև. «Երբևիցե մերժումներ չստանալով՝ այսօր արդեն որոշ հյուրեր (հայտնի եւ ոչ հայտնի) մեր ծրագրից էլ են խուսափում՝ ոչ ուղղակի ձևով: Նրանք ինչ-որ պատճառաբանություններ են բերում, որպեսզի չներկայանան հեռուստաընկերություն՝ այդպիսով զգուշավորություն ցուցաբերելով»,- ասաց հաղորդավարուհին՝ հրաժարվելով կոնկրետ անուններ հնչեցնել:
Հիշեցնենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը Հայաստանի համար դարձել է չարիք: Նա, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից բացակայելուն, հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները կնախաձեռնեն անհրաժեշտ քայլեր՝ «նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ԲՀԿ առաջնորդն ազատվել էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Այժմ էլ խոսվում է այն մասին, որ ԱԺ նախագահը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկելու Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին արձանագրություն: Երեկվա դրությամբ նման արձանագրություն դեռ չէր ուղարկվել:
Աննա Բաբաջանյան