Կիրակի օրը Թալինում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը: Այստեղ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են արտահերթ` նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի` ԱԺ պատգամավոր դառնալուց, ըստ այդմ՝ լիազորությունները դադարեցվելուց հետո:
Եւ այսպես, Թալինի քաղաքապետի անունը հայտնի է: Օգոստոսի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի արտահերթ ընտրություններում նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Հանրապետական կուսակցության անդամ Սարգիս Արամյանը` հավաքելով 1274 ձայն: “Բարգավաճ Հայաստան” կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանը ստացել է 917 ձայն, իսկ Վորոշ Խաչատրյանը, որին, ըստ որոշ տեղեկությունների, աջակցում էր Թալինի նախկին քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, հավաքել է 840 քվե: Անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը եւ Էդվարդ Գրիգորյանը ստացել են համապատասխանաբար 190 եւ 28 ձայն:
Ընդհանուր առմամբ, ընտրությունները Թալինում բավական լարված մթնոլորտում են անցել: Նշենք, որ թեեւ թեկնածուները 5-ն էին, բայց պայքարն ընթանում էր ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների միջեւ: Համենայնդեպս, տեղամասերում կամ դրանց շրջակայքում հենց այդ թեկնածուների կողմնակիցներն էին շահագրգռվածություն ցուցաբերում:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում Թալինի բնակիչներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց, որ ընտրությունների օրը բավական մեծ չափերի ընտրակաշառք է բաժանվել: Բացի այդ, մարդկանց նաեւ գունավոր գրիչներ են բաժանել, որպեսզի կարողանան վերահսկել քվեարկությունը: “Գյուղ տեղ է, մարդիկ ճանաչում են իրար, ո՞վ է գժվել ավել-պակաս խոսի, հետո էլ լարեն իրա հետեւից: Ընտրակաշառք եղել է միակողմանի, բայց կներեք, չեմ խոսի, մենակ մի բան կասեմ: Եկան, քաղաքացիներին բաժանեցին գունավոր գրիչներ, երբ հարցրի, ասի՝ էդ ինչի համար եք բաժանում, ինձ ասին, թե ինչ անում ենք, օրենքով ենք անում: Իրենք էլ շատ լավ գիտեին, թե ում էին բաժանում ու ասում էին՝ սրանով կգնանք ու կընտրեք: Ինձ էլ ճիշտ հասկացե՛ք, ես ավել բան չեմ կարող ասել”,-պատմեց քաղաքացին` ակնարկելով, որ այդ ամենն արվել է հանուն ՀՀԿ-ական թեկնածուի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Թալինի ընտրությունների մասին, երեկ տեսակետ հայտնեց, թե կատարվեց այն, ինչ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններում. “Բացահայտ խախտումներին՝ լցոնումներին ու դիտորդների ծեծուջարդին, կրկին փոխարինել են կնիքների շուտ օքսիդացող թանաքները, վարչական ռեսուրսների բացահայտ օգտագործումը հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուի եւ այլ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ”,-ասաց նա: Մինչդեռ ԲՀԿ-ական պարտված թեկնածուն` Վազգեն Խաչատրյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցնում էր, թե ընտրություններն անցել են նորմալ, առանց միջադեպերի. “Թերություններ եղել են, բայց այդ ամենը բնորոշ է: Ես պատրաստ եմ շնորհավորել հաղթողին, բա մեր գյուղացին է, բա ի՞նչ պետք է անեմ, պիտի շնորհավորեմ”:
Թե ինչպես է ստացվել, որ ԲՀԿ-ականները միմյանցից տարբեր գնահատականներ են տալիս` Ն. Զոհրաբյանը խոսում է կեղծիքների մասին, իսկ անձամբ պարտված թեկնածուն` ընտրությունները նորմալ համարում, Վ. Խաչատրյանը չբացատրեց. “Ես տեղյակ չեմ: Ճիշտն ասած, ինձ թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս: Ես տեղյակ չեմ, երեւի իրենք են արձանագրել, փաստերով գնացել են: Ես տեղյակ չեմ, էդ գաղտնիությունն իրենց մոտ է եղել”:
Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանից էլ հետաքրքրվեցինք` ինչպես կմեկնաբանի ԲՀԿ-ական պատգամավորի` ՀՀԿ-ականների կողմից ընտրակեղծիքների մասին հայտարարությունը: “Ոչ մի բողոքարկում չի եղել, եթե լինեին ընտրակեղծիքներ, այդ ամենի հիման վրա մարդիկ կբողոքարկեին, բայց նման բան չկա, ուրեմն ընտրություններն անցել են դասական օրինակով”,-ասաց նա:
Հ.Գ. Ի դեպ, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը չէր ենթարկվել ՀՀԿ-ին եւ քաղաքապետի ընտրություններում ինքնուրույն գիծ տանելով՝ սատարել էր Վորոշ Խաչատրյանին: Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով այս փաստին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակի պատճառով Մ. Մնացականյանի հանդեպ կուսակցական տույժ կկիրառվի, նշել էր, որ որեւէ մեկի նկատմամբ տույժ չի կիրառվի: “Ի՞նչ է պատահել, որ տույժ կիրառվի”,-“Առավոտ”-ին ասել էր նա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ