Վերջին օրերին Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին ու Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությանն է անդրադարձել վերլուծաբան Նիկոլայ Բանինը lenta.ru-ում հրապարակված հոդվածում: Ըստ վերջինիս՝ հավանականությունը մեծ է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումների արդյունքում առճակատումը կաբինետներից փողոց դուրս կգա.
«Այս հեռանկարը խորանում է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակով, որը կապված է ռուբլու արժեզրկմանը հաջորդած դրամի արժեզրկման հետ: Կոռուպցիայի ու գործող իշխանությունների հետ անվստահության համակցությամբ կենսամակարդակի նվազումը կարող է դրդել Հայաստանի քաղաքացիներին ակտիվ գործողությունների ոչ այնքան ի աջակցություն խայտառակված օլիգարխի, որքան ընդդեմ իշխող կուսակցության ու երկրի ղեկավարի»:
Ըստ վերլուծաբանի՝ Հայաստանում հասունացող բողոքի ցույցերն առանձնակի նշանակություն ունեն նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների համար:
«2015 թ հունվար ամսից Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել, այս փաստի հետ է արևմտամետ ընդդիմությունը փորձում կապել երկրի տնտեսական վիճակի վատթարացումը: Չնայած անձամբ Ծառուկյանն ու նրա դաշնակից ՀԱԿ դաշինքը հանդես են գալիս Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերին մասնակցելու կողմից, «Ժառանգություն» կուսակցությունը քարոզում է Արևմուտքի հետ մերձեցում՝ ընդհուպ մինչև ԵՄ անդամակցություն»,- գրում է Բանինը:
Lenta.ru-ն նշում է, որ Հայաստանում Արևմուտքից ստացված գրանտների հիման վրա տարբեր հասարակական կառույցներ ու «քաղաքացիական նախաձեռնություններ» պատրաստ են ցանկացած տեղեկատվական առիթ օգտագործել Երևանի ու Մոսկվայի հետ գործընկերության վարկաբեկման համար:
«Հասարակական կազմակերպությունները՝ «Ժառանգություն» կուսակցության հետ մեկտեղ, ակտիվորեն մասնակցել են Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո գրանցված ցույցերին: Հենց այդ ուժերն էլ առանց հապաղելու հայտարարեցին ի աջակցություն Ծառուկյանի ցույցերին մասնակցելու մտադրության մասին: Վերջինս իր հերթին հրապարակային կերպով հայտարարեց, որ բողոքի ցույցը վերաբերում է բացառապես ներքաղաքական օրակարգին՝ նպատակ ունենալով փողոց դուրս բերել մեծ թվով ընդդիմադիրների, այդ թվում նաև ԵՄ ինտեգրման կողմնակիցների, ովքեր տրամադրված են «նարնջագույն» սցենարով իրադարձությունների զարգացմանը:
Նիկոլայ Բանինը ենթադրում է, որ սույն պայմաններում հավանականությունը մեծ է, որ բողոքի ցույցը ոչ միայն հակակառավարական, այլ նաև հակառուսական բնույթ կստանա:
«Իսկ անձամբ Ծառուկյանի համար, ամենայն հավանականությամբ, երկու ճանապարհ է մնում՝ համաձայնել զիջումներ գնալու հետ ու հրաժարվել իր սեփական քաղաքական ամբիցիաներից կամ իշխանությունների հետ բախումների հարցում գնալ մինչև վերջ՝ փողոց դուրս բերելով դժգոհ քաղաքացիների հոծ զանգված: Եթե նայենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի գործողությունների տրամաբանությանը, ապա ակնհայտ է, որ նա գերադասում է երկրորդ տարբերակը: Իսկ սա նշանակում է, որ մոտ ժամանակում հանրապետությունում քաղաքական իրավիճակը կարող է ծայրահեղ զարգացման գնալ՝ հիմք դնելով Ռուսաստանի հարավային սահմանին լարվածության նոր օջախ ստեղծվելուն»,-նշում է հոդվածագիրը: