Ինչպես արդեն հայտնել էինք, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ընթացքում հրաժարվեց պատասխանել որևէ հարցի և միայն ընթերցեց իր հայտարարությունը: Հայտարարության հետաքրքիր հատվածները ներկայացնում ենք ստորև.
«Ո՞րն է ելքը: «Ժառանգությունը» հայտարարել է, որ իր նպատակը սահմանադրական իշխանություն ստեղծելն է: Սա այն խնդիրն է, որը կուսակցապետությանը կստիպի հրաժարվել ընտրակեղծիքներից: Խնդիրը, որը միակ ելակետայինն է, արժանապատիվ ընտրությունների, քաղաքացիական կյանքի արժանապատիվ ապահովումն է՝ միասնական օրակարգով և միասնական հրապարակով: Հաղթանակն առջևում է և անխուսափելի: Համո Սահյանն ասել է՝ «մի քիչ պարտված մնա, մի քիչ Աստված եղիր»: Հանուն հայրենիքի՝ Սերժ Սարգսյան, եթե քեզ ընկեր է պետք՝ դուրս գալու, ես քեզ հետ դուրս կգամ: Կրկեսը դուք եք սարքել: Ստուգեցե՛ք բոլորին հավասար՝ օրենքի ամբողջական և ոչ ընտրովի կիրառմամբ, ոչ միայն ձեզ հանդիպած պարոն Ծառուկյանին, այլև ինձ՝ Նիկոլին, Հայրիկյանին, Սեֆիլյանին, բոլորին:
Բայց առաջին հերթին սկսեք ձեզանից, ձեր ընտանիքի անդամներից, գործող վարչապետից, ԱԱԾ պետից, պատգամավորներից, գեներալներից, բոլոր մարզպետներից, դատավորներով վերջացրած: Մինչև սա չլինի, օրենքի մասին թող ոչ ոք չխոսի, որովհետեւ օրենքից դուրսը դուք եք: Այս ոգով բոլոր մարզպետները պիտի դուրս գան, պետք է մնա միայն ավագ մարզպետը՝ պարոն Սահակյանը Արցախում, մինչև ավարտվեն ընտրությունները:
Դուք հարգանքով հանդերձ պետք է հրաժարական տաք հանուն հայրենիքի, և պետք է նշանակվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»: