Դեռեւս հուլիսի 26-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվեց մի հայտարարություն, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ներողություն էր խնդրել Ծառուկյանից: «Ես ցավում եւ ափսոսում եմ, որ Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձեւակերպումներ եւ արտահայտություններ: Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորությունը»,-նշված էր հայտարարությունում: Սակայն «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այդ հայտարարության հեղինակը Հարությունյանը չէ, դա նրա փոխարեն են գրել ու տարածել: Քանի որ վերջին ժամանակներս Ա. Հարությունյանը գտնվում էր արտասահմանում, մեզ չէր հաջողվում զրուցել նրա հետ: Երեկ պարզեցինք, որ Հարությունյանն արդեն Հայաստանում է, եւ այս ամենի հետ կապված մի քանի հարց ուղղեցինք նրան: -Պարո՛ն Հարությունյան, երբ Դուք Հայաստանում չէիք, հայտարարություն տարածվեց, որում Դուք զղջացել եւ ներողություն եք խնդրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից: Ի վերջո, կասե՞ք մեզ` Դուք եք այդ հայտարարության հեղինակը, թե ոչ, եւ ինչո՞ւ նման քայլի գնացիք: -Թող մնա, այդ հարցերին ես հետո կպատասխանեմ: Եկե՛ք այդ Ձեր ուղղած հարցերին ես չպատասխանեմ… ես ներողությունը խնդրում եմ էն ժամանակ, երբ որ մարդ սխալ բան է անում: Իսկ ես ներողություն չեմ խնդրել, սխալ բան չեմ արել, դա անիմաստ խոսակցություն է: Մենք ընդամենը բարիշել ենք, շատ նորմալ վիճակ է: Ինչ վերաբերում է ներողությանը, ես դրա հեղինակը չեմ, ես չգիտեմ, թե ով է այդ տեքստը գցել ինտերնետում: Ես դրանից տեղյակ չեմ: -Իսկ չե՞ք ուզում պարզել, թե ով է դրա հեղինակը: Չե՞ք կարծում, որ պետք է այդ մարդկանց պատասխանատվության ենթարկել նման անպատասխանատու քայլի համար: -Ի՞նչ պատասխանատվություն, դատի՞ տամ: Նման բան մի՛ ասեք, ես այդ մարդը չեմ, որ ինչ-որ մարդկանց դատի տամ, պատասխանատվության ենթարկեմ: Ես նման բան չեմ անի: Չեմ ուզում նման բան անել, որովհետեւ շուտով ամեն մարդ իր արածի դիմաց կստանա: Ամեն ինչ նորմալ է, մենք Ծառուկյան Գագիկի հետ բարիշել ենք, խնդիր չունենք: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ լավ է: -Քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ արդեն Ձեր հարաբերությունները կարգավորվել են, հնարավո՞ր է՝ Ձեզ շուտով կրկին տեսնենք ԲՀԿ-ի շարքերում: -Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ ես ՀՀ քաղաքացի եմ, ես ո՛չ ԲՀԿ եմ, ո՛չ ՀՀԿ եմ, ես ՀՀ քաղաքացի եմ: Ես պաշտպանում եմ երկրի նախագահի շահերը եւ վերջ: -Գո՞հ եք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կայացրած որոշումից` Ձեզ պատկանող Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության վերաբերյալ: Փաստորեն, Ձեր հույսը կապել էիք Բեգլարյանի հետ, որ նա կարգելի Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներին «գիծ» դուրս գալ, բայց հուսախաբ եղաք: -Ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանի կայացրած որոշմանը, ապա ես գոհ եմ: Գագիկ Բեգլարյանն ինչ որոշում կայացնում է՝ լինի դա օգուտ, լինի դա վնաս, ուրեմն ճիշտ է, ուրեմն ըտենց ա պետք: -Այդ դեպքում ինչո՞ւ էիք դիմել ՏՄՊՊՀ-ին կամ Գագիկ Բեգլարյանին, եթե Ձեզ համար ամեն կայացրած որոշում ճիշտ էր, այն էլ այն դեպքում, երբ այդ որոշումից Ձեր «գիծն» էր տուժելու: -Արդեն շատ հարցեր եք տալիս, ես ասացի, որ չեմ ուզում խոսել, թող մնա, մի քանի օր հետո ես բոլոր հարցերին էլ կպատասխանեմ: -Տեղեկություններ կան, որ Դուք Ձեր թեկնածությունն եք առաջադրելու Աբովյանի քաղաքապետի ընտրություններում եւ անգամ «դաբրո» եք ստացել, այդ իսկ պատճառով էլ որոշել եք այս հարցի վրա «աչք փակել»: -Ես ոչ մի բանի մտադրություն չունեմ, ես խնդրում եմ՝ նման հարցեր մի՛ տվեք, ես եթե որեւէ բանի մտադրություն ունենամ, շատ նորմալ, քաղաքակիրթ ձեւով կհայտարարեմ: Առայժմ դրա մասին չենք խոսում, ես նման մտադրություն չունեմ, նման խոսակցություն չկա, այնպես որ էկե՛ք այդ հարցի շուրջ չզրուցենք: