ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինում կայացած քաղաքապետի ընտրություններին սատարում էր անկուսակցական Վորոշ Խաչատրյանին՝ չնայած, որ ՀՀԿ-ն մեկ այլ թեկնածուի էր սատարում: Այս հակասության հետ կապված՝ ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր. «ՀՀԿ-ն միասնական, կուռ կառույց է Թալին քաղաքում, շատ համախմբված կառույց է, եւ մեկ անդաստիարակի մտածելակերպը չի նշանակում, որ պետք է ստվերվի ՀՀԿ-ի գործունեությունը կամ ՀՀԿ-ի կառուցողական մոտեցումները: Նման մարդկանց մենք պատժում ենք ու կպատժենք լեռնցու օրենքներով»: «Ժողովուրդ»-ը զրուցեց Մնացական Մնացականյանի հետ` պարզելու՝ արդյոք մարզպետն արդեն նրան պատժել է, թե ոչ:
-Պարո՛ն Մնացականյան, Արագածոտնի մարզպետը խոստացել է Ձեզ պատժել «լեռնցու օրենքներով»: Որո՞նք են այդ օրենքները, եւ արդյոք արդեն պատժել է Ձեզ:
-Բայց ես ի՞նչ իմանամ՝ դա ինչ պատիժ է, ախր դու նենց բաներ էս հարցնում, որի հասցեատերը ես չեմ, ով որ ասել է` զանգի՛ նրան հարցրա: Հարցրա՛ իրան, տե՛ս՝ ինքը կմեկնաբանի, նոր ես էդ հարցին կպատասխանեմ:
-Բայց Դուք կարծում եք, որ վատ բան եք արել, որի համար պետք է մարզպետը Ձեզ պատժի՞:
-Նախ ինքը շատ փոքր է, որ պատժի, էդ ասածի հասցեատերը ես չեմ, մեկը մի բան է ասում, զանգում, ինձնից եք մեկնաբանություն ուզում:
-Մարզպետը Ձեզ է որոշել պատժել, այն էլ «լեռնցու օրենքներով», հետեւաբար Ձեզանից ենք ուզում տեղեկանալ, թե դա որ օրենքն է, ու արդյոք Դուք այդ օրենքով արդեն պատժվել եք:
-Ինձի ինքը չի կարա պատժի, ինքը շատ փոքր ա, որ ինձի պատժի: Ինքը եթե կոնկրետ նման բան ա ասել, զանգի՛ իրանից հարցրու, թե ինչ ես անելու, որ լեռնցու օրենքով ուզում ես պատժել: Իրանից էլ պարզե՛ք, թե էդ լեռնցու օրենքը որն ա:
-Սարգիս Սահակյանը հայտարարել է նաեւ, որ «ՀՀԿ-ն միասնական կառույց է, շատ համախմբված, եւ մեկ անդաստիարակի մտածելակերպը չի նշանակում, որ պետք է ստվերվի ՀՀԿ-ի գործունեությունը»:
-Դե ասում եմ, մի հատ զանգի՛ ասա՝ ինչ բան ա լեռների օրենք, ինչ բան ա դաստիարակություն, նոր մնացածը… Իմ կարծիքով՝ դաստիարակություն ունեցող մարդը լեռների օրենքից չի խոսում: Ես չեմ իմանում, կարող ա գլուխը խառն ա եղել, մի բան ասել ա, ի՞նչ իմանամ` ինչ ա ասել: Ուրիշ հարցեր ունե՞ք, տվե՛ք, պատասխանեմ, թե չէ ես ուրիշների ասածը չեմ մեկնաբանում: Ես չեմ ուզում էդ անկապ բաներին պատասխաններ տամ: Ես չեմ հասկանում՝ լեռների օրենքը որն ա:
-ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը եւս տարաձայնություններ ուներ մարզպետի հետ, ի՞նչն է պատճառը, որ Ձեր փոխհարաբերությունները լարված են:
-Ես ո՛չ Սահակյանն եմ, ո՛չ էլ Խաչիկ Մանուկյանը, իրենցի՛ց հարցրեք: Ես չեմ իմանում, իրա՛ն հարցրեք, ես ոչ մեկի հետ տարաձայնություններ չունեմ:
«ԻՆՔԸ ՇԱՏ ՓՈՔՐ Է, ՈՐ ՊԱՏԺԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ