ՈՍԿԻ Է ՍԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար, Վերահսկիչ պալատի նախկին աշխատակից Սամվել Թադեւոսյանը սեր ունի ոսկյա զարդերի եւ գեղանկարների նկատմամբ: Նա 12 միլիոն դրամի գեղանկարների հավաքածու ունի, 30 միլիոն դրամի ադամանդե քարեր եւ ոսկյա զարդեր: Բացի այդ, Երեւանում 480.7 քմ մակերեսով բնակելի տուն ունի, մայրաքաղաքի մեկ այլ հասցեում՝ հողամաս, լողավազան, անավարտ կառույց, 74.8 քմ մակերեսով բնակարան: 2012թ. մարտի 1-ի դրությամբ վերջին մեկ տարվա կտրվածքով նախարարն ունեցել է 27 միլիոն 233 հազար դրամի եկամուտ, որից 5 միլիոն 233 հազար դրամը Վերահսկիչ պալատից ստացած աշխատավարձն է, իսկ 22 միլիոնը` գյուղմթերքների իրացումից ստացված եկամուտը:
Ըստ «Հետք»-ի՝ մարտի 1-ի դրությամբ նախարարի հաշվին եղել է 20 միլիոն դրամ, 20 հազար դոլար եւ 6 հազար եվրո: «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարարից հետաքրքրվեց, թե որտեղից նրան այդքան գումար, եթե տարիներ շարունակ պետական պաշտոն է զբաղեցրել: «Ձեր ներկայացրած տվյալները վերցված են եկամուտների հայտարարագրից, իսկ ինչպես գիտեք, այն հրապարակային փաստաթուղթ է, եւ Ձեր բոլոր հարցերի պատասխանը կարող եք գտնել այնտեղ, քանի որ Սամվել Թադեւոսյանը՝ որպես պետական պաշտոնյա, եկամուտների հայտարարագիր է ներկայացրել ճիշտ այն թվականից, որ թվականից որ օրենքը գործողության մեջ է մտել»,-պատասխանեց քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը՝ ըստ էության անպատասխան թողնելով մեր հարցը:




Լրահոս