ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՉ ՄԻԱՅՆ «ՊԻՎԻ»
«Հետք»-ի տեղեկացմամբ` Հակոբ Գառնիկի Հակոբյանը (մականունը` Պիվի Հակոբ) խորհրդարանի միակ պատգամավորն է, որ իր անունով ունի 28 շենք եւ շինություն: Նրան են պատկանում Երեւանում գտնվող 10 շենք-շինություն, Դիլիջան քաղաքում` 10 կտոր հողամաս եւ 7 շենք-շինություն, ինչպես նաեւ 35 հա հողամաս Բերդ քաղաքում: Հ. Հակոբյանն ունի 4 ավտոմեքենա` «ԲՄՎ-745», «Մերսեդես-Բենց S500», «ԶԱԶ-968-Մ» եւ «ՎԱԶ 212114»: ԱԺ պատգամավորը 11 ընկերությունում ունի ներդրումներ եւ արժեթղթեր: «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ում ունի 49.98 տոկոս բաժնեմաս, «Դիատոմիա» ԳԱ ՓԲԸ-ում` 49.54 տոկոս, «Կոննեկտ» ԲԲԸ-ում` 45.07 տոկոս, «Դիլիջանի բեռնաուղեւորատար» ՓԲԸ-ում` 100 տոկոս, «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ում` 50 տոկոս, «Տիգրան ՀՀԳ» ՍՊԸ-ում` 100 տոկոս, «Հ եւ Տ Հակոբյաններ», ինչպես նաեւ «Անուշ եւ Գոռ» ՍՊԸ-ներում ունի 50-ական տոկոս բաժնեմաս, «Արմամաստ» ՍՊԸ-ում` 33 տոկոս եւ ՌԴ-ում գտնվող «Կիլիկիա» ՍՊԸ-ում` 50 տոկոս բաժնեմաս:

ԻՍԿ ԱՌԱՋԻՆՆ Ո՞Վ Է
«Հայաստանում քաղաքացիական հասարակությունն օրեցօր ավելի հզորանում եւ ավելի արդյունավետ է դառնում: Նախկին Խորհրդային Միության երկրներում այդ տեսակետից Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում»,-այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթական տեսաբլոգում, որը տեսագրվել է Երեւանի Մաշտոցի այգում։ Հեֆերնը նշել է, որ այս տարի հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ միջազգային հանրությունն իրենց գնահատանքը տվեցին Հայաստանում բնապահպանների գործողություներին, որոնք խաղաղ ակցիաների միջոցով պաշտպանել են Թռչկանի ջրվեժն ու հարակից պահպանվող տարածքը։

ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՔԼԻՆԹՈՆԻ ՎՐԱ
Աֆրիկյան շրջագայության շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Մալավի տխուր վերջաբան է ունեցել. օդանավակայանում Քլինթոնին եւ նրա շքախմբին մեղուների պարս է դարանակալել: Ականատեսների վկայությամբ՝ թեթեւ խուճապ է սկսվել, մալավիցի եւ ամերիկացի պաշտոնյաները սկսել են այս ու այն կողմ վազել՝ ապաստան գտնելու, իսկ պետքարտուղարն առանց խուճապի մատնվելու շատ արագ վազել է օդանավ:

ՀԱՅԵՐԻՆ ՇԱՏ ՄՈՏ
Հալեպում կառավարական զորքերը շարունակում են լայնածավալ գործողությունն ընդդիմության, հատկապես Հալեպում գտնվող Սիրիայի ազատ բանակի զինյալների դեմ: Մարտերն ընթանում են հայկական թաղամասերին չափազանց մոտ: Ընդդիմադիրները գիշերը փորձել են գրավել հայաշատ թաղամասերում գտնվող կառավարական շինություններից մի քանիսը: Այժմ հայաշատ թաղամասերում շրջում են կառավարական զորքերի զինվորները, եւ թաղամասերում պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Քիչ ավելի հեռվում ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռներն օդային հարվածներ են հասցնում ընդդիմադիրների գրաված շենքերին:

ՆՈՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ
Օգոստոսի 7-ին Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար  իր թեկնածությունն է առաջադրել նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, որն օրեր առաջ է ազատվել պաշտոնից: Կարախանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Սեպտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին առաջադրվել է նաեւ ավագանու անդամի 24 թեկնածու, որոնցից 6-ը ՀՀԿ, 1-ը` ԲՀԿ անդամներ են:

ԲԱ ՀՈՆԴՈՒՐԱ՞ՍԸ
Օգոստոսի 8-15-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա եւ Ֆիլիպիններ: Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների  բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:




Լրահոս