Մարդկությանը ղեկավարում է միայն սերն ու նախանձը: Այս մասին ռուսական «Аргументы и Факты» պարբերականի հետ զրույցում նշել է ռուսաստանաբնակ հայազգի հանրաճանաչ դերասան Արմեն Ջիգարխանյանը: Վերջինս, պատասխանելով պարբերականի թղթակցի այն հարցին, թե նախորդ հարցազրույցներում դերասանը շատ ջերմ է խոսել ԱՄՆ-ի մասին, սակայն վերջին շրջանում անցկացված սոցհարցումները վկայում են, որ մեծ թվով ռուսներ ԱՄՆ-ն համարում են թշնամի երկիր, Ջիգարխանյանը պատասխանել է.
«Ես հնարավորություն եմ ունեցել զրուցել մեր նախագահի հետ: Նրան բաց տեքստով ասել եմ.«Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ավելի լավ է բարեկամանանք ԱՄՆ-ի հետ: Այո, բարդ երկիր է, այն չափազանց մեծ հավակնություններ ունի: Ես ստույգ գիտեմ՝ եթե թշնամանանանք, շուկայում կաշխատենք: Ընդ որում, վատ շուկայում: Անհրաժեշտ է գործով զբաղվել, այլ ոչ թե Աստված գիտի՝ ինչ փորփրել… Այո, հիմա բարդ իրավիճակ է: Մենք չպետք է բաց թողնենք այն պահը, երբ պետք է դուրս գանք դրանից» »:
Հանրաճանաչ դերասանը նաև կարծիք է հայտնել, որ մարդկությանը ղեկավարում է միայն սերն ու նախանձը: Սակայն թղթակիցը նաև խնդրել է Ջիգարխանյանին անդրադառնալ խանդին:
«Խանդը դա նույն նախանձն է: Նա խանդում է, որ այդ կինը պատկանում է ուրիշին… դա է կյանքի ճշմարտությունը: Ես սիրում եմ նրան այնպիսին, ինչպիսին որ կա, ամբողջությամբ: Ես սիրելի բժիշկներ ունեմ: Մշտապես նրանց խնդրում եմ, որ ինձ հետ անկեղծ լինեն: Իսկ թե ինչպես կհաղթահարեմ այդ ճշմարտությունը, ես ինքս կգտնեմ: Ճիշտ է մեկ-երկու գիշեր չեմ քնի, սակայն իրավունք եմ ստանում ընտրել՝ ինչպես վարվել»: