ՔՈԹՈՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները որոշել են «համակարգային փոփոխություններ» անել՝ հեռացնելով այն սկանդալային դեմքերին, որոնք կարող են գլխացավանք դառնալ եւ խոչընդոտել նախագահական ընտրություններին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ընտրարշավի ժամանակ կարող են հիշեցնել Վարդան Ղուկասյանին, Կարո Գուլոյանին, Սամվել Դարբինյանին, նրանց կողքին՝ նաեւ Քոթոյին՝ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, որը Գավառի քաղաքապետի նման հաճախ է հիշատակվում տարբեր քրեական պատմությունների մեջ: Այս փոփոխությունը, իհարկե, ընդամենը կոսմետիկ բնույթ է կրում, սակայն կարեւորն այն է, որ այս «սերունդը» հեռանում է՝ տեղ բացելով նորերի համար:
Սարգիս Ղարաքեշիշյանը քաղաքապետ է դարձել 2002թ.: Այսինքն՝ 10 տարի շարունակ ամառանոցային այս գողտրիկ քաղաքը, որը մի ժամանակ աչքի էր ընկնում իր խաղաղությամբ, մտավորականության ներկայությամբ, հանձնվել է մի մարդու, որը «շա՜տ նշանավոր» դարձավ ընտրություններից հետո, երբ Ստեփանավանը վերածվեց փոքրիկ Սիցիլիայի: Երրորդ անգամ ստանձնելով քաղաքապետի պաշտոնը՝ նա մեկ անգամ եւս հաստատեց, որ իր բոլոր ընտրություններն էլ աչքի են ընկել աղմկալի պատմություններով, հաշվեհարդարներով, կրակոցներով: Դե, Քոթոն «կրակող տղա» է, հո իր այդ թանկ հատկանիշը չէ՞ր թաքցնելու համաքաղաքացիներից՝ գիտենալով, որ ինքն էլ է մտնում անպատժելիների ցանկի մեջ…
«Երկու տարի առաջ քաղաքի մերձակայքում` Ամրակից գյուղում գտնվող Ս. Ղարաքեշիշյանի օբյեկտում` «Դրախտ» ռեստորանային համալիրում, հաճախորդներից մեկը հանդգնել էր «անհամ կատակ անել»: Ծագած վիճաբանության արդյունքում քաղաքապետը կրակել էր «կատակասերի» ոտքին: Տուժող Վարուժան Մովսիսյանն այդպես էլ չէր բողոքել: Իսկ այդ գործով, «Հետք»-ի աղբյուրի տվյալով, դատապարտվել է միանգամայն այլ քաղաքացի, որն իր վրա է վերցրել կրակելու փաստը: Ս. Ղարաքեշիշյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ երեք ամիս առաջ` պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար»,-ժամանակին գրել է մամուլը:
Քոթոն ընտրությունների ժամանակ իսկապես «ռեկորդներ» էր սահմանել՝ մոտ 7 հազար ընտրող ունեցող քաղաքում ապահովելով ութ հազար  ձայն… Ուշագրավն այն է, որ ովքեր չեն աջակցել Ղարաքեշիշյանին, պատժվել ու հեռացվել են աշխատանքից: Ինչպես նշում են ստեփանավանցիները, մոտ 50 հոգու նա ազատել է աշխատանքից նախորդ ընտրություններից հետո: «Ով իմ հետ չի, իմ դուշմանն է, սաղին գլխից խփելու եմ»,-այսպես է արտահայտվել Քոթոն: Ու կատարել է իր խոստումը՝ իսկապես արյունահեղություններ սարքելով քաղաքում:
«Մեզ մոտ ստալինյան ժամանակներն են: Ղարաքեշիշյանների դինաստիան ահաբեկում, կեղեքում է մարդկանց: Քաղաքում բոլորն ատում են քաղաքապետին, բայց ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք: Սաղ էլ իրենց նման հանցագործներ են: Ասում է, թե էս աթոռը պապական է, ես բոլորին առել եմ, ինչ ուզեմ կանեմ… Մեր քաղաքի Լեզվի կենտրոնի բակում շներ կան, որոնց հաչոցները հաճախ ազդում են Քոթոյի վրա: Նա կենտրոնի տիրոջից միշտ պահանջել է վերացնել շներին, բայց տերը չի համաձայնել, դրա համար էլ Քոթոն հաճախ դուրս է գալիս շքամուտք ու իր անձնական զենքով կրակում շների վրա»,-պատմում են քաղաքի բնակիչները: Բայց սա միակ դեպքը չէ: Պարզվում է, որ Քոթոն իր աշխատասենյակի սեղանի դարակում մահակ ունի` «դուբինկա», եւ ով որ իր նյարդերի վրա ազդում է, անմիջապես դաժանաբար ծեծում է նրան: «Իր կյանքում նա անթիվ մարդկանց է դաժան ծեծել ու մնացել անպատիժ»,-ասում են ստեփանավանցիները:
Նրանք Քոթոյին մեղադրում են 1962թ. ծնված Իվան Բարենկոյի եւ նրա քրոջ սպանության մեջ… Թվում է՝ այս ամենից տեղյակ իշխանությունները պիտի անմիջապես պարտադրեին հետաքննություն սկսել, իսկ Քոթոն էլ պիտի պատիվ պահանջեր համաքաղաքացիներից՝ իր անբասիր հեղինակությունը վարկաբեկելու համար: Բայց նա միշտ այդ դեպքերում  լռություն է պահպանել՝ հետո մի «թաքուն» տեղ ծեծել տալով իր հակառակորդներին…
Նախորդ ընտրություններին Քոթոն, իր հայտարարությունների համաձայն, ծախսել էր 30 միլիոն դրամ: Մայրաքաղաքային չափանիշներով մեծ գումար չէ, բայց Ստեփանավանում սա ժամանակին մեծ գումար էր համարվում: Դե, Ս. Ղարաքեշիշյանն աղքատ մարդ չէ, նրան է պատկանում «Դրախտ» հյուրանոցային համալիրը, որը հայտնի է իր վատ համբավով: Այստեղ արձանագրվել են մահվան դեպքեր, այստեղ երբեմն կարելի է «վարձակալել» մարմնավաճառների…
Հիմա Քոթոն որոշել է չառաջադրվել: Ստեփանավանցիներն այս փաստը մեկնաբանում են ոչ ուրախությամբ: Նրանք մեզ ասացին, որ չառաջադրվելով՝ Քոթոն կամենում է քաղաքապետ դարձնել իր եղբայր Միշային, որը սոցիալական ծառայության տարածքային բաժնի տնօրենն է, նույնպես խառնված մի քանի կրիմինալ պատմությունների: Այսինքն՝ «քոթոյականությունն» այս քաղաքում միտում ունի շարունակվելու: Տեղեկացանք, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ջանքեր է գործադրում, որպեսզի ՀՀԿ-ական Սարգիս Ղարաքեշիշյանից հետո նրա եղբայրը չդառնա քաղաքապետ, սակայն մտավախություն կա, որ Քոթոյին կհաջողվի անցկացնել եղբորն ու պահպանել իր դիրքերը եւ ունեցվածքը… Իսկ Ղարաքեշիշյանի ունեցվածքը հիմնականում ռեստորանային համալիրներն են՝ «Դրախտ»-ից զատ, նաեւ «Լոռի»-ն: Թե ինչպես է այս մարդուն հաջողվել գրեթե աղքատ քաղաքում նման ունեցվածքի տեր դառնալ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նա միշտ գործել է անպատժելիության պայմաններում…
Վերջում  ներկայացնենք Ս. Ղարաքեշիշյանի կենսագրությունը, որպեսզի հանկարծ չվիրավորվի, որ միայն վատ բաների մասին ենք գրել, մանավանդ որ հետագայում հազիվ թե առիթ լինի անդրադառնալ նրան: Ծնվել է Ստեփանավանում, այս տարի դառնում է 50 տարեկան, ավարտել է թիվ 2 ռուսական դպրոցը՝ չնայած ռուսերեն խոսում է բավական կասկածելի գրագիտությամբ: 24 տարեկանում ավարտել է Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, նույն տարում էլ սկսել է աշխատել արտադրությունում՝ Կիրովոյի կոլտնտեսությունում լինելով ճարտարագետ-մեխանիկ, իսկ 1990թ. դարձել կոլխոզի նախագահ: 1991թ. ստեղծվել է «Կյուրիկ-1» գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը, որի նախագահն է եղել մինչեւ 1996թ.: 1996-ից էլ եղել է «Արջասար» տնտեսության տնօրեն: Ու «գյուղից քաղաք» է եկել եւ դարձել Ստեփանավանի քաղաքապետ… Հիմա այս էջը փակվում է: Խոստանում ենք նրա հեռանալուց հետո հարգել հայտնի խոսքը՝ հեռացողների հետեւից կա՛մ լավ, կա՛մ ոչինչ…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս