Բարևագիր, կարոտագիր, մյուս կողմից էլ՝ «ղազագիր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտում երեկ իրադարձությունները զարգանում էին անասելի արագությամբ. լրատվական դաշտը չէր հասցնում մարսել մի սենսացիոն լուրը, եւ անմիջապես հաջորդում էր մյուսը:

Օրվա առաջին կեսին Armlur.am լրատվական կայքը տեղեկացրեց, որ նախորդ օրը Հայաստան ժամանած «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին հաջողվել է Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին հաշտեցնելու եզրեր գտնել: Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանն ավելի ուշ միացել է նաեւ ՀՀ վարչապետ, ԲՀԿ առաջնորդի խնամի Հովիկ Աբրահամյանը:

Այս լուրը լրատվական դաշտը դեռ չէր հասցրել մարսել, եւ բոլորը սպասում էին դրա պաշտոնական հաստատմանը կամ հերքմանը, երբ ՀԱԿ-ը տարածեց իր առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը` հասցեագրված Սերժ Սարգսյանին: Նամակի նախաբանում գրված է, թե իբր այն գրվել է փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը դեռ չէր հայտարարել Ծառուկյանի դեմ պատերազմ սկսելու մասին: Ի սկզբանե որոշվել է այն չհրապարակել, բայց. «Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու ԼՂ կենսական շահերին»,- գրել է Տեր-Պետրոսյանն իր նամակի նախաբանում: Նամակի հենց առաջին իսկ նախադասությունը, կարելի է ասել, սենսացիոն է եւ փոխում է Հայաստանում առկա քաղաքական դաշտի մասին բոլոր պատկերացումները: «Նախ եւ առաջ, ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով»,- գրել է Տեր-Պետրոսյանը: Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը շփման «խորհրդապահական խողովակ» ունեն, կամ այլ կերպ ասած՝ գաղտնի շփվել են իրար հետ, եւ որ ամենակարեւորն է՝ Տեր-Պետրոսյանը 7 տարվա մեջ առաջին անգամ ընդունում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի՝ ինքը գործ ունի ՀՀ Նախագահի հետ: Սա հատկապես վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին կարելի է ուշագրավ համարել:

Տեր-Պետրոսյանի նամակի էությունն էլ կայանում է նրանում, որ հեղինակը Սերժ Սարգսյանին առաջարկում է. «Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ»: Հանդիպման նպատակն էլ, ըստ նամակի, «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակությունը վերախմբագրելու… խնդրի շուրջ զրուցելն է: Տեր-Պետրոսյանն առաջարկում է նաեւ ստեղծել խորհրդակցական հանձնաժողով, որը պետք է մշակի վերը նշված փաստաթուղթը: «Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը ՀՀ նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին»,- գրել է Տեր-Պետրոսյանը:

Նույնիսկ, եթե Տեր-Պետրոսյանն այս նամակն իսկապես դեռեւս փետրվարի 12-ին է գրել, ապա, միեւնույն է, դրա իմաստն ու նշանակությունն անհասկանալի են մնում, եթե առաջնորդվում ենք ՀԱԿ առաջնորդի՝ տարիներ շարունակ քարոզած այն մոտեցմամբ, որ Սարգսյանը չարիք է Հայաստանի համար, եւ նրան օր առաջ անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել: Ի՞նչ է, Սարգսյանը դադարե՞լ է չարիք լինելուց, եւ այլեւս նրա միջազգային հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտություն է առաջացել, թե մեկ այլ՝ թաքնված նպատակ կա, որը գործնականում նամակի հետ կապ չունի, բայց նամակի միջոցով հնարավոր է դրա լուծմանը հասնել:

Նկատենք, որ ՀԱԿ առաջնորդը, տեղեկանալով Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին եվ կռահելով, որ նրանք կարող են հաշտվել, փորձել է իր եւ իր կուսակիցների համար նահանջի պատճառաբանություններ ստեղծել: Այսինքն՝ երբ Ծառուկյանը կհայտարարի, որ ինքն այլեւս հասկացել է իր սխալները, որոնք գործել է Սերժ Սարգսյանի հանդեպ, իսկ վերջինս էլ կհայտարարի, որ մի փոքր շատ է զայրացած եղել Ծառուկյանի վրա, դրա համար խիստ գնահատականներ է տվել, այդ դեպքում հասկանալի կլինի, որ ոչ իշխանական եռյակի իշխանափոխության պլանը, մեղմ ասած, հետաձգվում է:

Իսկ Ծառուկյան-Սարգսյան հաշտության քաղաքական միջնորդի դերը երեկ ստանձնեց ՀՅԴ-ն՝ հայտարարելով, որ արյունահեղություն պետք չէ երկրում, եւ կողմերը պարտավոր են հաշտվել: Ի վերջո կախված էր մնում փետրվարի 20-ի հանրահավաքի հարցը ինչպե՞ս պիտի լուծվի, հանրությանը ի՞նչ են ասելու կամ կհրավիրվի՞ այդ հանրահավաքը, թե՞ ոչ: Երբ բոլորը վերը բերված թեմաներն էին քննարկում, պարզվեց, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կուսակցական դեմքերն անցել են խորը ընդհատակ: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի շրջապատը որեւէ տեղեկություն չուներ, թե ինչ է կատարվում, միակ բանը, որ գիտեին, այն է, որ պետք է լռեն եւ այլեւս ավել-պակաս չխոսեն: Ուստի երկու կողմերի նախկին բլբուլները երեկ՝ կեսօրից հետո, դարձել էին անհասանելի, եւ հայտնի չէ, թե որտեղ էին թաքնվել:

Ի դեպ, Սարգսյանի եւ Ծառուկյանի հաշտվելու լուրը հատկապես դուր չէր եկել ՀՀԿ-ի երիտթեւին, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թիմին: Վերջիններս արդեն մի քանի տարի է՝ սպասում են, թե երբ է գալու ժամանակը, որպեսզի իրենց ձեռքերն ազատվեն, եւ իրենք Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հետ վարվեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, բայց այդ երանելի ժամանակաշրջանն ընդամենը հինգ օր տեւեց: Երեկ նրանց համար էլի լռության օր էր: Լռում էին նաեւ նախագահականից ու ԲՀԿ-ից սնվող լրատվամիջոցները:

Սարգսյանի եւ Ծառուկյանի առաջին հանդիպման լուրը դեռ չմարսած՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ի վերնախավի առանձին անդամներ ու ՀՅԴ անդամ մի քանի պատգամավորներ հավաքվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը: Ըստ Armlur.am-ի՝ նրանք համատեղ ջանքերով փորձում են գտնել հաշտությունը հանրությանը ներկայացնելու ճանապարհային քարտեզը, որպեսզի կողմերը դրանից չտուժեն:

Սերժ Սարգսյանը պնդել էր, որ պետք է Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից և զբաղվի սպորտով ու բիզնեսով: Ի վերջո այդպես էլ եղավ. Ծառուկյանը հայտարարեց, որ հանրահավաքը չի կայանա, մի հայտարարության տեքստ «ղազագիր», հրապարակեց, թե չի ցանկանում մտնել վիրավորանքների դաշտ: Եւ ամեն ինչ ավարտվեց կանխատեսվածի պես:

Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մեկնել Տանզանիա` որսով զբաղվելու համար: Սակայն վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել էր այդ լուրերը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս