ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ, որը ստիպված է եղել ընդհատել արձակուրդը:
Հանդիպման օրակարգում են լինելու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախատեսվում է քննարկել նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը Եվրասիական միությանն ինտեգրման գործընթացի շրջանակներում: Օրակարգում են նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցերը, այդ թվում` ղարաբաղյան խնդիրը:
«Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների վրա ավելանում են ճնշումները Ռուսաստանի կողմից»,-կարծիք է հայտնել Դավիթ Շահնազարյանը:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընդհատում արձակուրդը եւ շտապ մեկնում Մոսկվա:

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, որ դա շտապ մեկնել է նշանակում, եւ չեմ էլ կարծում, որ նրանք նախօրոք պայմանավորված չեն եղել, որ ինքը կգնա եւ կհանդիպի նրան: Երկու նախագահները կունենան բազմաթիվ քննարկման հարցեր, եւ արձակուրդն այդպիսի մեծ պատճառ չէ, որ այդ հանդիպումը հետաձգվի: Իսկ այն կարծիքները, թե ՀՀ իշխանությունների վրա ավելանում են ճնշումները ՌԴ-ի կողմից, ինչո՞ւ այդ ամենին չեք նայում այլ տեսանկյունից. Հայաստանը չի՞ կարող մի շարք հարցեր առաջադրել ՌԴ նախագահին: Ընդհանրապես Ռուսաստան-Հայաստան համագործակցությունը ռազմավարական է, եւ կան բազմաթիվ հարցեր, որ նախագահները կարող են քննարկել, օրինակ՝ Սիրիայի հետ կապված, տարածաշրջանի, եւ առհասարակ, երկու նախագահների հանդիպումը միայն ողջունելի է:

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար

 
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա ընդունված ձեւ է, եւ ես այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Ռուսաստանը բացահայտ հայտարարել է, որ ինքն առաջարկում է Հայաստանին անդամագրվել Եվրասիական միությանը: Հիմա Հայաստանի խնդիրն  է քննարկել, լավ հաշվարկել՝ արդյոք այդ անդամագրումն իր շահերից է բխում, եւ որոշել, թե ինչ է ուզում եւ ինչ է անելու: Ես կարծում եմ, որ այս հանդիպումն աշխատանքային գործընթաց է:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ես ոչինչ հիմա չեմ կարող ասել: Սերժ Սարգսյանը Մոսկվա կգնա կգա, նոր կխոսենք:

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս