ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավտոկանգառների բիզնեսը բարգավաճում է: Անգամ մի քանի րոպե ավտոկանգառում կայանելու դեպքում, միեւնույն է, վարորդները վճարում են սահմանված գումարը, որը կազմում է միջինը 200-500 դրամ: Վարորդներն այս երեւույթը համարում են մուրացկանություն կամ, վատթարագույն դեպքում, «ջեբկիրություն»:
«Որտեղ կայնում ես, դեղին սարոչկով մեկը հայտնվում ա, փող ա ուզում, չգիտես թե ինչի, ո՛չ կանգառի նշան կա, ո՛չ սահմանված գին: Փողն էլ ոնց որ քշածդ ավտոյի ֆիրմայից են որոշում»,-ասում է Պետրոսը, որը 25 տարի վարորդ է:
Մայրաքաղաքում վճարովի ավտոկանգառների բիզնեսը բավականին եկամտաբեր է: Այս մասին հավաստում են Խանջյան եւ Չայկովսկու փողոցների «ստայանչիկները»: Մեր երկրում վճարովի ավտոկանգառների գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» օրենքով: Սակայն անհատ մարդիկ սեփական նախաձեռնությամբ կարող են որոշել եւ մի օր քաղաքի որեւէ  փողոց «սեփականաշնորհելով»՝ նրա աջ եւ ձախ մայթերը վերածել ավտոկանգառի: Խմբագրության հարակից տարածքի «ստայանչիկը» հասկանալի պատճառով չներկայացավ, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ «ստայանկի տերն ինքն է» ու մեկ ամսից ավելի զբաղվում է այդ գործով: «Ուր դիմեցի աշխատանքի ընդունվելու համար, ասեցին՝ տարիքդ չի համապատասխանում: Ես էլ որոշեցի էս ձեւով ընտանիքս պահեմ: Օրական 3 հազար դրամից մի փոքր քիչ փող եմ աշխատում»,-ասում է նա:
Մեր երկրում ավտոկանգառներից քչերն են, որ համապատասխանում են ընդունված չափանիշներին: Ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայն՝ վճարովի ավտոկայանատեղին պետք է առանձնացված լինի հատուկ նշաններով: Դեռեւս 2000թ. Երեւանի քաղաքապետի որոշմամբ կայանատեղին շահագործող կազմակերպությունը պարտավոր է պահպանել հետեւյալ  չափանիշները. P նշանը, որը վկայում է կայանման թույլտվության մասին, կայանման ձեւի եւ վճարովի ծառայության վերաբերյալ ցուցատախտակը, որում պետք է նշված լինի ծառայության արժեքը: Սակայն շատ ավտոկանգառներում ցուցանակի փոխարեն միայն «փող հավաքող» կա: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում ավտոկանգառների բիզնեսով զբաղվողները նախ որոշակի ներդրումներ են անում:
Հայաստանում վճարովի ավտոկանգառները հաստատագրված հարկով են աշխատում: Թե որքան է նրանց օրական շրջանառությունը, գիտեն միայն ավտոկանգառների տերերը: Նույնիսկ մեկ րոպե վճարովի ավտոկանգառում կայանելու համար վարորդները վճարում են միջինը 200 դրամ, սակայն գումարը կարող է ավելանալ՝ կախված ավտոկանգառի տեղից: Եթե այն մայրաքաղաքի կենտրոնական մասում է, դրա դիմաց տրվող վճարը կարող է հասնել մինչեւ 500 դրամի: Երեւանում վճարովի ավտոկանգառներ հիմնելու մասին քաղաքապետի թիվ 31/4 որոշման համաձայն՝ վճարումների դիմաց վարորդներին պետք է տրվի համարակալված կտրոն, որը կհավաստի, որ տրանսպորտային միջոցը կայանել է տվյալ ավտոկանգառում: Սակայն քաղաքապետի որոշման այդ կետին գրեթե ոչ մի կայանատեղի չի հետեւում:
Մայրաքաղաքում գործող օբյեկտներից շատերն ունեն իրենց վճարովի ավտոկանգառները, սակայն դրանց տնօրինությունը պատասխանատվություն չի կրում մեքենայի պահպանության եւ անվտանգության համար: Սա խոսում է այն մասին, որ վճարովի ավտոկանգառները ստվերային են աշխատում:
«Մենք փող ենք տալիս միայն տեղի համար, իսկ անվտանգության մասին խոսք չկա: Ասում են՝ այդ որոշումն Ազգային Ժողովն է կայացրել,-ասում է վարորդ Ռոման Կալյանը եւ հարցնում.-Այս դեպքում հարց է առաջանում. էլ ինչո՞ւ ենք վճարում այդ գումարը, եթե մեքենայի պահպանության համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում: Սակայն նկատում ենք, որ «կլիենտ կպցնելու մարմաջով տարված ստայանչիկները» մոտեցող ավտոմեքենան տեսնելուն պես իբր օգնելու նպատակով արագ մոտենում են: Հասկանալի է՝ այդ «օգնության» դիմաց հետո գումար են պահանջելու՝ գուցե նախատեսված 100-ի փոխարեն 500 դրամ, վերահսկողն ո՞վ է»:
2012-ի առաջին կիսամյակում մայրաքաղաքի հարկային դաշտում գործում է ընդամենը 129 վճարովի ավտոկանգառ, բայց իրականում այդ թիվը կրկնակի է:
Հ.Գ. Մինչ պատրաստվում էր հոդվածը, Խանջյան փողոցի «Էրուդիտ» շենքի հարակից ավտոկանգառի աշխատակիցը տեղեկացրեց, որ կեսօրից հետո քաղաքապետարանից պատկան մարմինները եկել հավաքել են «ստայանչիկի հագուստը»: Հարցին, թե ինչով  են դա  պատճառաբանել, վերջինս պատասխանեց. «Չգիտեմ, մնացած հարցերը տնօրինության հետ: Երեւի այնքան սամադելնի ավտոկանգառներ կան, որ չեն կարողանում կեղծը իսկականից ջոկեն: Երեւի ստուգումներ են անում»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս