Տավուշի մարզում վարդավառը տոնում են երեք տարբեր օրեր ու մեծ շուքով: Սակայն ցավալի է, որ քեֆ-ուրախությունից հետո մարդկային զոհեր են լինում: Հուլիսի 23-ին՝ վարդավառի տոնակատարությունից հետո, զոհ էր եղել Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի Ջինգլ տեղամասում: Այնտեղ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ Վրեժ Մելիքյանն իր մոտ եղած դանակով 5-6 անգամ հարվածել էր Այգեպար գյուղի 52-ամյա բնակիչ Խաչիկ Խաչատրյանին: Վիճաբանության մասնակիցները, տեսնելով, որ Խ. Խաչատրյանի վիճակը ծանրանում է, նրան դեպքի վայրից տեղափոխել էին գյուղի բուժքրոջ տուն, որտեղ էլ նա մահացել էր:
Իսկ օգոստոսի 5-ին Այգեձոր գյուղի տարածքում գտնվող Ծիլի ծով ջրամբարում խեղդվել է տեղի բնակիչ, 1969թ. ծնված Էդգար Աթաբեկյանը, որը գինովցած է եղել:
Վարդավառի տոնակատարությունից հետո Տավուշի մարզում տեղի ունեցած մահվան դեպքերի թեման քննարկվում է «Ֆեյսբուք»-ում: Մարզի բնակիչներից Վրեժ Մաճկալյանը համացանցի «Ազատ Տավուշ» խմբում գրառել է. «Մեր մարզում ամեն վարդավառին մի քանի դժբախտ դեպք է պատահում… Ինչի՞ց է, չգիտենք՝ ուրախանալ, թե…»:
Տավուշ