Իջեւանի գնդի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի եւ նույն գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի դատավարության հերթական նիստը կայացավ օգոստոսի 6-ին Երեւանում: Բերդ քաղաքում կայացած դատական նիստերին չէր ներկայացել հոգեբան-փորձագետ Էլդա Գրինը. նա տարիքի եւ առողջական խնդիրների պատճառով չէր կարող հաղթահարել Երեւան-Բերդ 206 կմ տարածությունը: Էլդա Գրինը` Սերգեյ Կարապետյանի դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացրած 4 փորձագետներից մեկը, ինչ-ինչ պատճառով դրա եզրակացության տակ չէր ստորագրել: Նա Երեւանում օգոստոսի 6-ի դատական նիստում հայտնել է, որ փորձաքննության տակ իր չստորագրելը զուտ տեխնիկական հարց էր. փորձաքննության եզրակացության տեքստը տպագրելուց հետո այն ստորագրելու համար իրեն չեն ներկայացրել: Նշենք, որ սույն դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներով գնդապետ Սերգեյ Կարապետյանը ճանաչվել է մեղսունակ:
Դատական նիստում ամբաստանյալներ Սերգեյ Կարապետյանի եւ Հրանտ Դալլաքյանի պաշտպան Մամիկոն Թորոսյանը դատարանին միջնորդել է կարճել քրեական գործի վարույթը, քանի որ նրա պաշտպանյալներն այս քրեական գործով իրենց մեղավոր չեն համարում: Դատավոր Զոյա Զաքինյանը, քննարկելով միջնորդությունը, մերժել է: Դատավարությունը մոտենում է ավարտին: Հաջորդ դատական նիստին, որը կկայանա օգոստոսի 15-ին Բերդում, դատավարության կողմերը հանդես կգան ճառերով:
Այս դատավարությունը սկսվել է 2011թ. դեկտեմբերի 8-ին: Քրգործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին՝ տարեմուտից մեկ ժամ առաջ, ջերմության դեմ դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, որը վերոհիշյալ զորամասում է ծառայել: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց բերման է ենթարկել իր աշխատասենյակ եւ ահաբեկել, ինչի արդյունքում տղաները ցատկել են երկրորդ հարկում գտնվող նրա աշխատասենյակից: Դրա հետեւանքով Իջեւանի Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, գիտակցության չգալով, Տարոն Ենգիբարյանը մահացել է:
ԱՎԱՐՏԸ ՄՈՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ