Րաֆֆի Հովհաննիսյանը պատրա՞ստ է պատասխանատվություն կրել փետրվարի 20-ի հանրահավաքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, փետրվարի 20-ին նախատեսված ԲՀԿ հանրահավաքը չի կայանալու: Այսօր կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը և զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից ` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:

Քիչ առաջ հաղորդագրություն տարածեց նաև Հայ Ազգային Կոնգրես-ը: Նրանց տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀԱԿ-ն ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով: Ավելին` ՀԱԿ-ը բոլորին հանրահավաքի է հրավիրում մարտի 1-ին, որի մասին իրազեկումը քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:

Փաստորեն, ոչ իշխանական եռյակից երկուսը հրաժարվեց մասնակցել հանրահավաքին: Ի տարբերություն նրանց՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, թե իր ծրագրերը չեն փոխվել, և նա փետրվարի 20-ին ներկա կլինի Ազատության հրապարակում և կպատասխանի բոլորի հարցերին:

Այս ամենի հետ մեկտեղ՝ «Ժառանգություն»-ը վաղը վարչության նիստ է անցկացնելու և որոշելու հետագա քայլերը: Դավիթ Սանասարյանը չի բացառել, որ կարող  է քննարկվել նաև «եռյակ»-ի ձևաչափով հետագա համագործակցության հարցը: Եվ չնայած այս ամենն՝ Ր. Հովհաննիսյանը, միևնույն է, լինելու է Ազատության հրապարակում: Այստեղ պետք է հասկանալ մի բան` ո՞վ է այդ հանրահավաքում տեղի ունենալի իրադարձությունների պատասխանատուն:

Պարզ է, որ թեկուզև քիչ,  Ազատության հրապարակում, այնուամենայնիվ, մարդիկ ներկա կլինեն: Չի բացառվում, որ հիասթափված լինելով այս ամենից՝ հավաքված ժողովուրդը նույնիսկ պատրաստ լինի դիմել կտրուկ քայլերի: Չպետք է մոռանալ նաև, որ Երևանի քաղաքապետարանը, ի վերջո, չէր արտոնել հավաքը: Այս ամենից հետո ո՞վ է պատասխանատու լինելու հանրահավաքի համար: Եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հրաժարվեցին մասնակցությունից, ամբողջ պատասխանատվությունը մնում է Ր. Հովհաննիսյանի վրա: Բայց արդյոք նա պատրա՞ստ է ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել. հարց, որի պատասխանը, միգուցե, ստանանք «Ժառանգության» նիստից հետո:




Լրահոս