ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի ընթերցողին մի անգամ արդեն տեղեկացրել ենք, որ «Շարմ հոլդինգ»-ը «Պահանջվում է միլիոնատեր» եւ «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական ու պրոդյուսերական թիմերի հետ համատեղ նկարահանում է նոր ֆիլմ` «Սիրո պոկեր»:
Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը, գործադիր պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը: Սցենարի հեղինակներն են` Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանը, Ռուբեն Ջաղինյանը: Չնայած, որ թեժ ամառ է, կինոկատակերգության նկարահանման աշխատանքները շարունակվում են:
Ֆիլմի գործողությունները զարգանում են Հայաստանում եւ Վրաստանում: Օրերս Երեւան են ժամանել վրացի դերասանները` Զուրա Գաչեչիլաձեն, Ջաբա Կիլաձեն, Նիկա Արաբիձեն, Խվիչա Մագլակելիձեն:
Վրացական կողմից ընտրված դերասաններից մի քանիսը հումորիստներ են, ինչի շնորհիվ նրանք ոչ միայն վարպետորեն կատարում են իրենց դերը եւ հումորի չափաբաժին հաղորդում ֆիլմին, այլեւ թեթեւ ու անկաշկանդ աշխատանքային մթնոլորտ են ապահովում: Նկարահանման դադարների ընթացքում շատերի համար աննկատ ձայն ձայնի են տալիս եւ վրացական երգեր կատարում: Նրանք շատ գոհ են երեւանյան ջերմ ընդունելությունից, իսկ ոմանք անգամ մտավախություն են հայտնել, որ այստեղից հեռանալու են առնվազն 7 կգ գիրացած:
Երեւանում է նաեւ վրացուհի, միջազգային ճանաչում ունեցող մոդել եւ վրացական կինոարվեստում արդեն իսկ հայտնի դերասանուհի Շորենա Բեգաշվիլին: Ֆիլմում իր հերոսուհուն մարմնավորելուն զուգահեռ Շորենան մասնակցում է նաեւ սաունդթրեքի տեսահոլովակի նկարահանմանը: Նշենք, որ ֆիլմի սաունդթրեքն արդեն ձայնագրված է` Ռոլանդի եւ «Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ:
Երեւանում եւ Հայաստանի այլ վայրերում իրականացվող նկարահանումների մի մասն ավարտին հասցնելուց հետո նկարահանող խումբն ու դերասանական կազմը կմեկնեն Վրաստան:




Լրահոս