Փետրվարի 12-ին 5 անձ` ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր-Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, զորակոչիկ Սամվել Վերդիյանը ձերբակալվել են խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, իշխանազանցության համար:
Ըստ երեւույթին, այս պաշտոնյաները փորձել են միանգամայն առողջ զորակոչիկին մի լավ կլորիկ գումարի դիմաց կեղծ հիվանդություններ վերագրել: Չի բացառվում, որ օրինակ, Արտակ Հարությունյանը, ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանին տվել է զինվորի մասին կեղծ փաստաթուղթ, որ նա, իբր, նյարդային հիվանդ է՝ գիժ: Զորակոչիկն էլ համապատասխան փաստաթուղթը ներկայացրել է բժշկական կենտրոններ՝ այս դեպքում, օրինակ, Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունք, Նոր-Արեշ պոլիկլինիկա: Եվ այսօրինակ համագործակցված աշխատանքի արդյունքում համապատասխան մարդիկ ձերբակալվել են:
Armlur.am-ի տեղեկություններով` այս հինգ անձանցից բացի՝ ճաղերի հետեւում կհայտնվեն եւս այլ մարդիկ: Նկատենք, որ Վարդենիսի տուն-ինտերնատի ձերբակալված տնօրեն Արտակ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Սակայն ինչպես նկատում ենք, այս 6 ամիսների ընթացքում ժամանակ չի կորցրել եւ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպես երեւում է, Վարդենիսի տուն-ինտերնատի գլխին տնօրեն չի գալիս:
Մինչ Արտակ Հարությունյանի նշանակումը նախկին տնօրեն Նվեր Հովհանիսյանն էր բազմիցս հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն Հանրապետական կուսակցության կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի ազգականը լինելով՝ մշտապես կարողանում էր «ջրից չոր դուրս գալ»: Մասնավորապես, Նվեր Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել էին, որ Նվեր Հովհաննիսյանը 2011-ի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրացրել էր կազմակերպությանը հատկացված 3100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Նրան, իհարկե, կալանավորեցին, սակայն Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց:
Չի բացառվում, որ ներկայիս տնօրեն Արտակ Հարությունյանի ձերբակալումը երիտհանրապետականների 40-ամյա առաջնորդ Կարեն Ավագյանի համար նոր հնարավորություն բացի իր հարազատ հորեղբորորդուն ինտերնատի նախկին գանձապահ Արմեն Ավագյանին տնօրեն նշանակել տալու համար:
Ի դեպ, ձերբակալված Արտակ Հարությունյանը Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժիշկի որդին է:
Քնար Մանուկյան