Չի բացառվում, որ Դաշնակցությունը թևերը քշտած մտնի կոալիցիա. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, եւ միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը, եւ բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ 6 տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը»,-նշել էր Ս. Սարգսյանը:

Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ի` իշխանություններին առաջադրած 7 պահանջներից մեկը վերաբերում էր հայ թուրքական արձանագրությունները հետ կանչելուն, և առհասարակ, հենց հայ-թուրքական գործընթացի ընթացքում ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, ուստի` Ս. Սարգսյանի այս որոշումը շատ կարևոր փոփոխություն կարող է մտցնել ՀՅԴ-ՀՀԿ հարաբերություններում: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, ո՞րն է ՀՅԴ-ի գնահատականը Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու որոշման մասին, այն ՀՅԴ-ի «սրտո՞վ» էր:

-Միանշանակ ճիշտ քայլ է, բայց գնահատմամբ ամբողջական չէ, որովհետեւ բազմիցս ենք ասել այդ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը պետք է հետ վերցվի, որպեսզի ամբողջական լինի, եւ այն սպառնալիքները, որոնք այս արձանագրությունները ձեւավորել են մեր երկրի ու պետության առաջ, կարողանան չեզոքացնել: Շատ կարեւոր է մեկ բան եւս. արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելը վկայությունն է այն բանի, որ մեր քաղաքականությունը, իբրեւ Դաշնակցություն, արդյունքին միտված քաղաքականություն է եղել եւ դրական ընթացք է ստացել, այլ կերպ ասած՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մաս-մաս, փուլ առ փուլ աշխատանքը եւ հետեւողական աշխատանքը տալու է իր դրական արդյունքը: Սա է նաեւ այն կարեւոր դասերից մեկը, որ մենք ասում ենք` երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով, լուծելը ճիշտ ճանապարհ է:

-Իսկ ՀՀ ստորագրությունը արձանագրությունների տակից հետ կանչելու պահանջ ՀՅԴ-ն ներկայացրե՞լ է Սերժ Սարգսյանին, եթե այո, ի՞նչ արձագանք է ստացել:

-Հուսանք, որ այդ օրն էլ կգա, կարեւորն այն է, որ այստեղ սկսում են արդեն համատեղվել քաղաքականությունները. մեր պատկերացումները եւ հանրապետության նախագահի պատկերացումներն այս գործընթացի մեջ սկսում են համատեղվել, սա դրական է, բոլոր այն մարդիկ, անձինք, ուժերը, ովքեր որ ժամանակին պայքարում էին արձանագրությունները չվավերացնելու համար, փաստորեն, պետք է արձանագրենք, որ արդեն համատեղում կա, նաեւ կա միատեսակ ընկալում:

-Հայաստանում քաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված փուլում է, ու բոլորի համար անհասկանլի է, թե ինչո՞ւ հենց հիմա Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց: Մի՞թե Ս. Սարգսյանը բացառապես հանուն Դաշնակցության հետ փոխհարաբերությունների բարելավման նման քայլի դիմեց:

-Նախ ես կարծում եմ, որ ներքաղաքական խնդրի հետ կապելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ չմոռանանք, որ դրան նախորդել էր, ըստ էության, ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը՝ Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հարցում, այլ նաեւ համահայկական հռչակագիրը, որն ըստ էության, հակասության մեջ է մտնում հայ-թուրքական արձանագրությունների հետ: Ուստի կարծում եմ, որ բնական է՝ պետք է այս քայլը լիներ:

-Նշվում է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելով՝ Ս. Սարգսյանը «լուծեց» ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելու հարցը: Արդյո՞ք ՀՅԴ-ն կրկին կոալիցիա է կազմելու ՀՀԿ-ի հետ:

-Նախ մեր առաջարկները, այդ թվում՝ 7 կետերով ձեւակերպված, ուժի մեջ են, դրանցից միայն մի մասն է վերաբերում հայ-թուրքական արձանագրություններին, եւ հետեւաբար խոսել, որ այդ առաջարկներն ամբողջությամբ իրացված են կամ իրացման գործընթացում են այս պահին, դեռեւս այդպես չէ: Չնայած նրա զգալի հատվածներ վերաբերում են նույն՝ սահմանադրական փոփոխություններին, կամ այսպես ասած՝ համակարգային կամ ամբողջական փոփոխությունների դաշտին, որտեղ իշխանությունը, ի դեմս նախագահ Սարգսյանի, քայլ առաջ է կատարել, բայց խոսել այս պահին, որ կոալիցիոն համաձայնությունը կկայանա, վաղ է: Երբ մենք կունենանք լիարժեք փոխըմբռնում ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ պատկերացումներով լուծելու ուղղությամբ, այդ ժամանակ չի բացառվում, որ Դաշնակցությունը թեւերը քշտած մտնի ու գործընթացը տանի այդ ուղղությամբ: Ընդ որում, հեչ պարտադիր չէ, որ դա լինի կոալիցիա, կարեւորը, որ պատկերացումները երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ լինեն միատեսակ, եւ հետեւողականությունը լինի գլխավոր սկզբունքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս