Կառավարության որոշմամբ մարտի 15-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրամադրվի 79 միլիոն 529 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 5 միլիոն 9,7 հազար դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու է ընտրությունների համար տրվող գումարը պահուստային ֆոնդից հատկացվում, այն դեպքում, երբ մինչև 2015թ-ի բյուջեն կազմելը հայտնի էր, որ այս տարի որոշ համայնքներում նախատեսված են ընտրություններ:
«Պահուստային ֆոնդի գումարները պետք է տրվեն չնախատեսված կարիքների համար, բայց չէ՞ որ մենք նախապես տեղյակ ենք եղել գալիք ընտրություններից»,- ասաց վարչապետը և հորդորեց, որ այսուհետ նման հարցերին Կառավարությունը պետք է պատշաճ ուշադրության դարձնի: