224 խաբված շահառու «հաշիվ է պահանջում» ինքնասպան եղած գործարարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Armlur.am-ի խմբագրությունը 224 շահառուի ստորագրությամբ նամակ է ստացել, որտեղ վերջիններս կրկին բարձրաձայնում են օրերս նախնական վարկածով ինքնասպան եղած «Ամիրխանյան ՍՊԸ» սեփականատեր Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ապօրինությունների վերաբերյալ:

«Մենք` «Լևոն Ամիրխանյան», «ՎԵՆԵՑԻԱ ՊԼԱԶԱ», «ՈՒՐՄ», «Ագրոպետրոլ սերվիս» ընկերությունների կողմից Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուներս հայտնում ենք, որ սկսած 2007 թվականից մինչև օրս մեզանից ոմանք ամբողջությամբ, իսկ ոմանք էլ մասնակի կատարել են նշված շենքերում ձեռք բերված բնակարանների դիմաց նախնական պայմանագրերով նախատեսված վճարումները, վերանորոգել, կահավորել և փաստացի բնակվում են իրենց պատկանող բնակարաններում: Սակայն նշված ընկերությունները տարբեր պատճառաբանություններով ձգձգել և սեփականության վկայականները մեզ չեն տրամադրել:

Նշված ընկերությունների հետ նախնական պայմանագրեր կնքելուց ավելի ուշ մենք տեղեկացել ենք, որ այդ ընկերությունների իրական սեփանակատեր Աբրամ Ամիրխանյանը (հանրությանը հայտնի է Համլետ Ամիրխանյան անուն, ազգանունով) մեզ պատկանող և մեր կողմից փաստացի օգտագործվող բնակարանները և տարածքները առանց մեր գիտության գրավադրել է ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում: Վերջին շրջանում նրա ֆինանսական վիճակը ներկայացվում էր ծայրահեղ ճգնաժամային էր, որի հետևանքով էլ, հավանաբար, Ա. Ամիրխանյանը օրերս ինքնասպանություն գործեց:

Վերոնշյալ շենքերի շահառուներս հայտնում ենք, որ առկա են մեր և հիշյալ ընկերությունների միջև կնքված բնակարանների ձեռքբերման նախնական պայմանագրերը, մեր վճարած գումարների անդորրագրերը, նախնական պայմանագրերով սահմանված կարգով կազմված բնակարանների հանձնման-ընդունման համաձայնագրերը (ակտեր), վերջին տարիներին կատարված կոմունալ վճարների անդորրագրերը, ինչպես նաև այդ ընկերությունների գործունեության տեղեկատվությանը տիրապետող պատասխանատու աշխատակիցների հավաստիացումները:

Մեր հավաստի տեղեկություններով «Լևոն Ամիրխանյան», «ՎԵՆԵՑԻԱ ՊԼԱԶԱ», «ՈՒՐՄ», «Ագրոպետրոլ սերվիս» ընկերությունները փոխկապակցված են և դրանց բաժնեմասերի իրական սեփականատերը Աբրամ Ամիրխանյանն է (Համլետ Ամիրխանյան), բացի այդ Բրեդվել ինվեստմենտս քորփ ընկերությունը Խանջյան 29 հասցեում կառուցված շենքի նկատմամբ ունեցած իր գրավի իրավունքը զիջել է Արդշինբանկ ՓԲԸ, որի դիմաց «ՈՒՐՄ» ՍՊԸ-ն ստացել է 2,8 մլրդ դրամ գումարի վարկ:
Ակնհայտ է, որ այս ամենի մեջ առկա են բազմաթիվ ֆինանսական մեքենայություններ և խարդախություններ:

Մենք` վերոնշյալ շենքերի շահառուներս, հայտնում ենք մեր հաստատակամությունը, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար և հասնելու ենք մեր կողմից փաստացի տնօրինվող, տիրապետվող և օգտագործվող անշարժ գույքի նկատմամբ մեր սեփականության իրավունքի գրանցմանը:

Ելնելով վերոնշյալից՝

• համապատասխան բանկերից և վարկային կազմակերպություններից պահանջում ենք զերծ մնալ շահառուներիս իրավունքները խախտելու գործողություններից (բռնագրավում, վտարում, սեփականության իրավունքի վերաձևակերպում և այլն),

• իրավապահ մարմիններին հորդորում ենք ինքնասպանության վերաբերյալ հարուցված քրեական գործը վարելիս` հաշվի առնել վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը և սույն հայտարարությունում նշված հանգամանքների վերաբերյալ իրականացնել պատշաճ քննություն,

• պետական իշխանության մարմիններին խնդրում ենք ուշադրության կենտրոնում պահել հարյուրավոր բարեխիղճ շահառուներիս ոտնահարված իրավունքները և համակարգել ու գտնել արդարացի լուծում»:




Լրահոս