Հացը թանկացել է 10-30 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքի խանութների մեծամասնությունում հացի գինը բարձրացել է 10-30 դրամով: 20 դրամով թանկացել է նաև ալյուրը: Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` գների այս բարձրացումն առաջին հերթին մենաշնորհի հետևանքն է. Հայաստան ներկրվող հացահատիկի և ալյուրի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում 2 ընկերությունների:
“Սննդի ռացիոնում հացը կազմում է 400 գրամ և ավելին: Դա նշանակում է` ծայրահեղ աղքատություն: Այդպիսի մեծ տոկոս չպետք է կազմի հացը, բայց եթե կազմում է, առավել ևս պետք է պետությունը պաշտպանիչ քայլեր կատարի, որպեսզի անընդհատ չթանկանա: Ամեն թանկացումը փոքր տոկոսով է ազդում ընտանեկան բյուջի վրա, բայց եթե ընդհանուր ենք նայում` մյուս ապրանքների և ծառայությունների հետ, անտանելի վիճակ է ստացվում ոչ վճարունակ խավի համար”- “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասել է Պողոսյանը:
Նրա փոխանցմամբ, իրենց վերլուծությունները փաստում են, որ բնակչության 10-12 տոկոսի համար գների թանկացումը որևէ նշանակություն չունի.- “Իսկ մնացած 90 տոկոսին մենք պետք է պաշտպանենք”: Պողոսյանի խոսքով, Հայաստանում սպառվող հացահատիկի 40 տոկոսը հնարավոր է տեղում աճեցնել: Գյուղացին, սակայն, այսօր օգնության կարիք ունի լավ սերմացու և վարկային ձեռնտու պայմաններ ունենալու հարցում:
“Օրակարգ” թերթի տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ համաշխարհային շուկայում ցորենի գինը իրոք բարձրացել է: Նրա խոսքով, սակայն, հացի և այլուրի գների համաչափ բարձրացումը հիմնավորված չէ.-“Հացի ինքնարժեքի մեջ ալյուրի մասնաբաժինը կազմում է 30-50 տոկոս: Պարզ ասած` եթե ալյուրը թանկանում է 20 դրամով, հացը լավագույն դեպքում պետք է թանկանա 10 դրամով: Իսկ եթե ալյուրի և հացի գները համաչափ են բարձրանում, ապա ստացվում է, որ հացի գները անհիմն են բարձրացվել”: Այն, որ հացի գինը որոշ խանութներում նույնն է մնացել, Չատինյանի կարծիքով, կարող է պայմանավորված լինել նրանով, որ հաց արտադրողները պարզապես պակասեցնում են հացի քաշը:




Լրահոս