Նավթահոտ մարդասիրությամբ՝ ԱՄՆ-ն հաճոյանում է Ադրբեջանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը կատարել է նախօրեին Բաքվին տված իր խոստումը եւ Երեւանում բարձրացրել է անցած տարվա հունիսին Քելբաջարում ձերբակալված եւ ԼՂՀ դատարանի կողմից դատապարտված դիվերսանտների` Դ. Ասքերովի եւ Շ. Գուլիեւի` Ադրբեջանին վերադարձնելու հարցը:

«Ակնհայտ է, որ դա հանցագործություն էր, սակայն դրանով հանդերձ, մենք կոչ ենք անում համապատասխան իշխանություններին կատարել այն մարդասիրական ժեստը, որի մասին ես խոսել եմ մամուլի հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ»,- երեկ Երեւանում հայտարարել է բարձրաստիճան տիկինը:

Նախ` ուշագրավ է, որ նա չի տարազանում Հայաստանի եւ Ադրբեջանի մամուլի ներկայացուցիչներին` համարելով, որ մեկի առջեւ ասվածը պետք է որ լսելի լինի նաեւ մյուսի համար: Ապա եւ` հատկանշական է, որ նա, այդուամենայնիվ, տարբերակում է ԼՂՀ իշխանություններին ՀՀ իշխանություններից` օգտագործելով «համապատասխան իշխանություններ» արտահայտությունը:

Ամեն դեպքում ինքնին փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մակարդակով Երեւանում բանակցությունների թեմա է դառնում շատ կոնկրետ հանցագործություններ, այդ թվում եւ` անչափահաս պատանու սպանություն կատարած դիվերսանտների հետ վերադարձման փաստը, արդեն իսկ խոսում է Ադրբեջանին հաճոյանալու ամերիկյան մղումների մասին: Ի վերջո, անհասկանալի է՝ ինչ ասել է` «կատարվածը սարսափելի հանցագործություն էր, բայց մեկ է` պիտի հանցագործներին վերադարձնեք հայրենիք»: Ինչ է, Վ. Նուլանդին հայտնի չէ, թե ինչպես են Ադրբեջանում հերոսացնում բոլոր այն հանցագործներին, ովքեր հայերի են սպանել:

Մի՞թե Ռամիլ Սաֆարովի խայտառակ օրինակն աչքի առջեւ ունենալով` Նուլանդը պետք է նման առաջարկություն իրեն թույլ տար: Հետաքրքիր է՝ տիկինն ինչպես կարձագանքեր, եթե Իսլամական պետության երկու ահաբեկիչներ ԱՄՆ-ում սպանեին անչափահաս երիտասարդի (դիվերսիաների մասին դեռ չենք խոսում), եւ դրանից հետո ինչ-որ մեկը պահանջեր, որ այդ ահաբեկիչներին վերադարձնեին ԻԼԻՊ-ին, որպեսզի նրանք ստանան իրենց պարգեւավճարը:

Առհասարակ, այն, որ մարդու իրավունքների եւ ազատությունների ջատագով պետության բարձրաստիճան ներկայացուցիչն այցելում է ադրբեջանական խանություն եւ այնտեղ խանի` Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ համարձակություն չի ունենում հարկ եղած կոշտությամբ բարձրացնել այդ երկրում տիրող պետական տեռորի եւ մարդու իրավունքների համատարած բռնաճնշումների հարցը, փոխարենը հայտարարում է, թե «Ադրբեջանի նախագահն իրեն խոստացել է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ», արդեն իսկ խոսուն կերպով մատնանշում է ԱՄՆ-ի առաջնահերթությունները: Իսկ կոնկրետ Ադրբեջանի դեպքում դրանք ունեն նավթատարի եւ Հարավային գազային միջանցի տեսք, որի գործարկմանը, ըստ Նուլանդի, ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցելու է:




Լրահոս