Հայհոյող պատգամավորը շարունակում է հայհոյել. ո՞րն է էթիկայի հանձնաժողովի իմաստը. Ալեքսանդր Արզումանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խախտելով օրենքով նախատեսված ընթացակարգերը` ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը քննարկել, բայց չի քվեարկել Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության ծրագիրը, չի քննարկել նույն կառույցի 2013թ. տարեկան հաշվետվությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Մանդատ» ՀԿ, ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: Վրջինիս փոխանցմամբ` ժամկետների և ընթացակարգերի խախտմամբ չեն քննարկել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովների 2015թ. տարեկան գործունեության ծրագրերը:

Խորհրդարանը չի քննարկել նաև գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը. այն, ըստ 2014թ. հունիսին ընդունված որոշման, պետք է ներկայացվեր մինչև 6-րդ նստաշրջանի ավարտը:

Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովին, ապա նշված շրջանում գրանցել է աննախադեպ ցուցանիշ. ստացել է ընդամենը 1 դիմում, հրավիրել 1 նիստ և կայացրել դիմումը մերժելու մասին որոշում: Ըստ փորձագիտական գնահատականների` 6-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի հանձնաժողովի` ընդամենը մեկ դիմում ստանալու և 1 նիստ հրավիրելու իրողությունը օրինաչափորեն արտահայտում է այդ հանձնաժողովի նկատմամբ վստահության նվազումը, հանձնաժողովի հեղինակության ազդեցության անկման խորացումը: Այստեղ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց. «Հայհոյող պատգամավորը շարունակում է հայհոյել. ո՞րն է էթիկայի հանձնաժողովի իմաստը»:

Բանախոսն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ԱԺ քվեարկություններից մեծ թվով բացակայություններին` նշելով, որ նա ամենաշատ բացակայած պատգամավորն է: Ի դեպ, ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում` 70-ից 40-ը, ԲՀԿ-ում` 36-26-ը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով ԱԺ կանոնակարգ-օրենսգրքի բացակայությունների մասով համապատասխան կետին, նկատեց, որ օրենքում նշված քվեարկությունների գերակշիռ մասից բացակայած պատգամավորը մանդատը կորցնելու վտանգի առջև է կանգնում հատվածը վիճարկելի պետք է համարվի: Պատգամավորը սա բացատրեց նրանով, որ այս դեպքում, եթե նիստը սկսվի ժամը 12:00-ին, քվեարկությունը լինի 12:20-ին, պատգամավորները պարտաճանաչ կգան և կքվեարկեն` այդ կերպ ապահովագրվելով անհարգելի բացակայող պատգամավոր դառնալուց: Սակայն սա, Էդմոն Մարուքյանի խոսքով, չի նշանակում, որ ժողովրդի կողմից ընտրված մարդը կատարում է իր պարտքը ժողովրդի առաջ. նա ընդամենը ճիշտ պահին հայտնվում է կոճակի մոտ:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս