Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից ու հաշտությունից հետո պարզ է դառնում, որ ԲՀԿ առաջնորդին պատկանող գործարաններում ստուգումները, դեռ չսկսված, ավարտվել են: Որպես հաշտության ժեստ` Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կհանձնարարի դադարեցնել ստուգումներն ու այդպես ԲՀԿ առաջնորդն «անառիկ» կպահի իր բիզնեսները:
Armlur.am-ն այսօր կներկայացնի, թե ըստ պաշտոնական տվյալների՝ որքան կարողություն ունի Գագիկ Ծառուկյանը: Այս ամենից պարզ է դառնում, թե իր հաշտության քայլով ինչեր կարողացավ պահպանել ԲՀԿ առաջնորդը:
Հարուստ հայ պաշտոնյաների շրջանում իր ուրույն տեղն ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Տիկին և պարոն Ծառուկյանների կարողության հետ մրցել չի կարող Հայաստանի ոչ մի պաշտոնյա. նրանք անգերազանցելի են: Համոզվելու համար բավական է մեկ անգամ նայել Գ. Ծառուկյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և ունեցվածքի հայտարարագիրը:
Գագիկ Ծառուկյանը 2013 թվականին 4,8 միլիարդ դրամ արժողությամբ հասարակական շինության առք և վաճառք է կատարել: Նա նաև վաճառել է իր ունեցած հողամասերից մեկը՝ 100,2 միլիոն դրամ արժողությամբ: ԲՀԿ առաջնորդը 2 հատ «Toyota Land Cruiser 2.0» մակնիշի ավտոմեքենա է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 18,2 միլիոն դրամ:
ԲՀԿ առաջնորդի դրամական ունեցվածքը 2013 թվականին կազմել է 25,8 միլիարդ դրամ, 41,3 միլիոն դոլար և 23,3 միլիոն եվրո: Պատգամավորը հարկային տարում ունեցել է 1,8 միլիարդ դրամի, 25 միլիոն դոլարի և 150 հազար եվրոյի եկամուտ կանխիկ փողով, ինչպես նաև՝ 4,9 միլիարդ դրամի չափով եկամուտ՝ բնամթերքով:
2013թ. նրա հանձնված կամ վերադարձված փոխառությունները կազմել են 24,7 միլիարդ դրամ, 17,6 միլիոն եվրո և 7 միլիոն ԱՄՆ դոլար:
ԲՀԿ առաջնորդի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, հայտարարագրել է 25 միլիոն դրամ և 31 հազար եվրո ունեցվածք: 2013-ին նա 8 միլիոն 534 հազար դրամ արժողությամբ թանկարժեք սպասք է գնել: Իսկ պատգամավորի դուստրը` Անահիտը, 32 հազար դոլարի և 72 հազար եվրոյի եկամուտ է հայտարարագրել:
Գագիկ Ծառուկյանը ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոց, արժեթուղթ և ներդրում հայտարարագրած պատգամավորն է: Բացի այդ՝ Armlur.am-ը ներկայացրել էր, թե 1000 խոշոր հարկատուների ցուցակում ԲՀԿ առաջնորդին պատկանող քանի ընկերություն է ներկայացված: Դրանք շատ չէին ու համեստ հորիզոնականներում էին գտնվում: Ու որքան էլ Սերժ Սարգսյանն ընդամենը մի քանի օր առաջ հաստատակամորեն պնդում էր, որ Գ. Ծառուկյանը չարիք է ու նրա հարկային վճարումները մանրակրկիտ ստուգման են ենթակա, իրողություն այն է, որ այս պահին ու առաջիկայում ԲՀԿ առաջնորդը քաղաքականապես մեկուսացված է լինելու իսկ հարկային վճարումները շարունակելու է կատարել «աչքաչափով»: