Բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու գործը վարույթում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում շարունակվում է ՀՀ քաղաքացի Նարինե Շարոյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014 թվականի հուլիսի 7-ին ստացվել էր քաղաքացի Գ.Մինասյանի հաղորդումը, որ իր կինը՝ Ն.Շարոյանը հունիսի 28-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, որի արդյունքում բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով վիրահատությունից 3 օր անց՝ 2014 թվականի հուլիսի 1-ին նա «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 7-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ հուլիսի 8-ին Գ.Մինասյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական միջոցառումները՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2015 թվականի փետրվարի 3-ին ստացվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ հանձնաժողովային փորձաքննության թիվ 228/հձ եզրակացությունը, ըստ որի` խախտումներ են հայտնաբերվել Ն. Շարոյանի նկատմամբ «Արմավիր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում։ Փորձագետների գնահատմամբ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում Ն.Շարոյանի հղիության ընթացքի հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումը կատարվել է ճիշտ, իսկ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Ն. Շարոյանը 2014 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:50-ին, դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն՝ գանգատվելով ինքնազգացողությունից:

Հերթապահ բժշկի կողմից հետազոտվելու արդյունքում կնոջ մոտ ախտորոշվել է՝ «Հղիություն 19-20 շաբաթական բարդացած մանկաբարձական անամնեզ, սպի արգանդի վրա կեսարյան հատումից հետո»: Ապա նա ընդունվել է ինֆեկցիոն բաժանմունք՝ ինֆեկցիոնիստի կոնսուլտացիայի նպատակով, սակայն չի հետազոտվել ինֆեկցիոնիստի կողմից: Հաշվի առնելով Ն.Շարոյանի հղի լինելը՝ առավել ևս «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշմամբ, ըստ փորձագետների, անհրաժեշտ էր նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները։ Սակայն միայն ժամը 15:50-ին հղի Ն.Շարոյանի մոտ գինեկոլոգի կողմից ախտորոշվել է «ընկերքի շերտազատում և մասիվ (զանգվածային) արնահոսություն»:

Այդ ժամանակ ձեռնարկված բուժական միջոցառումները եղել են լրիվ ծավալով և ճիշտ, սակայն ուշացած։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ հղի Ն.Շարոյանի բոլոր հետազոտությունները հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո պետք է կազմակերպվեին մանկաբարձական բաժանմունքում, այլ ոչ թե ինֆեկցիոն բաժանմունքում, որն էլ պատճառ է հանդիսացել Ն.Շարոյանի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը և նրա մոտ ծանրագույն բարդությունների առաջացմանը, ինչն էլ հետագայում, չնայած ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումների կատարմանը, հնարավորություն չի ընձեռել փրկելու Ն.Շարոյանի կյանքը:

Նկատի ունենալով, որ փորձագետների գնահատմամբ բժշկական բացթողումները եղել են «Արմավիր» բժշկական կենտրոնում, Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին, որտեղ այն ընդունվել է վարույթ, եւ կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։

Քննության ընթացքի մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ հատուկ քննչական կոմիտե




Լրահոս