Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր կսկսի ելույթները Թեհրանում մեկնարկող Աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում:
Այս տարի մրցաշարին մասնակցում է 8 հավաքական, որոնք բաժանվել են երկու խմբերի: Եզրափակիչ մտնելու համար Հայաստանի հավաքականը պետք է պայքար մղի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Հունգարիայի ազգային թիմերի հետ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար. առաջին տեղը կստանա 50, երկրորդը` 30, երրորդը` 20 հազար:
Նշենք, որ մեր ընտրանին մրցավայր է մեկնել առանց առաջատար ըմբիշների` աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի: Պատասխանատու այս մրցաշարում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են Արթուր Մկրտչյանը (59 կգ քաշային կարգ), Գոռ Սիրեկանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Վահե Սիմոնյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ): Թիմի մարզիչն է Էդուարդ Սահակյանը:
Նշենք, որ անցած տարվա գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը 10 մասնակիցների մեջ զբաղեցրել էր վերջին տեղը: