Beeline-ի աջակցությամբ՝ սահմանամերձ գյուղերի երեխաները դասընթացներ կանցնեն «Թումո»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

19 փետրվարի, 2015 թ., Երևան. Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 12 սահմանամերձ գյուղերի երեխաներ կայցելեն Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կրթական ճկուն համակարգ ունեցող ոսումնական կենտրոնում երեխաները կայցելեն անիմացիայի, թվային մեդիայի, խաղերի և կայքերի ստեղծման վերաբերյալ դասընթացների:

«Beeline-ը շարունակում է իրագործել սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Ուրախ ենք, որ Beeline-ի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաները կունենան նոր և ակտուալ գիտելիքներ ստանալու ևս մեկ եզակի հնարավորություն, որոնք նրանց համար կբացեն ապագա մասնագիտական կայացման նոր հեռանկարներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սահմանամերձ գյուղում բնակվող յուրաքանչյուր երեխա ծնված օրից սահմանապահ է: Մենք առավել քան պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապացուցենք, որ նրանց կողքին ենք: Մենք պարտավոր ենք այդ երեխաների համար ստեղծել ուսուցման և ժամանցի ավելի բարենպաստ պայմաններ` նրանց կյանքը դարձնելով ավելի երջանիկ», – նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

«Թումոն ողջունում և կարևորում է այն փաստը, որ կան կազմակերպություններ, որոնք դյուրացնում են պատանիների մասնակցությունը Թումոյի ուսումնական ծրագրին: Այսօր Թումոն ընդլայնվում է. արդեն երկու տարի է, ինչ մենք գործում ենք Դիլիջանում և շուտով կհասնենք Գյումրի ու Ստեփանակերտ: Մենք վստահ ենք, որ այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ Շիրակի և Արցախի բոլոր երիտասարդներին հասանելի կլինեն Թումոյի ծրագրերը», – նշեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:

Ծրագրի գործընկերն է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Նշենք, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ:




Լրահոս